Ռուսաստանն ու Ուկրաինան ցորենի աշխարհի խոշոր արտահանողներ են։ Եվ ահա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ուկրաինական պատերազմը բարձրացնում են ցորենի համաշխարհային գները։
Ինչպես ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի ցորեն մշակող ֆերմերների ընկերակցության նախագահ Քենի Թրեմեյն է ասում. «Եթե նրանց ցորենն այսօր հասանելի չէ, ապա այլ երկրներ պետք է լրացնեն այդ բացը: Ու դա այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ նոր վաճառողներն այս դեպքում պիտի սկսեն հավելյալ գարնանացան’’:
Այս անորոշությունը ստիպել է ֆերմեր Թերոն Անդերսոնին առցանց ստուգել ապրանքների գները, այդ թվում հարևան Նեբրասկայի ցորենի շուկայում:
«Եգիպտացորենը գրեթե 10 դոլար է: Ցորենի գինը Քիմբալում ինը դոլար քառասունութ ցենտ էր»:
Անդերսոնն ակնկալում է, որ օգոստոսին ավելի մեծաթիվ ֆերմերներ ավելի շատ ցորեն կցանեն, եթե գները պահպանվեն:
«Գների աճը մեզ համար ձեռընտու է, սակայն վստահ չենք, որ մեզ համար այս շահավետ պահը երկար կշարունակվի’’, ասում է նա:
Վայոմինգի մայրաքաղաք Չեյենում օրենսդիրներն ու լոբբիստները հասկանում են, թե որքան արագ կարող են իջնել բարձր գները, հատկապես Հնդկաստանից ցորենի արտահանման ծավալների մեծացման դեպքում:
Քեյթ Քենեդին Վայոմինգի ցորենի շուկայավարման հանձնաժողովի գործադիր տնօրենն է:
Նրա խոսքերով, «Թեև գների աճը նշանակում է, որ ցորեն մշակող ֆերմերները ավելի մեծ եկամուտներ են ստանում իրենց հացահատիկի համար, մյուս կողմից տուժում են ուկրաինական պատերազմի պատճառով այս երկրից ֆոսֆատի եւ պոտաշի` կալիումի կարբոնատի ներկրումների դադարի պատճառով:
Դիզելային վառելիքի թանկացումը նույնպես բարձրացնում է ցորենի գինը: Եվ ինչպես տնտեսական վերլուծաբաններն են ասում,
ԱՄՆ-ում շուտով կգրանցվի ցորենի հացի արժեքի 3-ից 5 ցենտի աճ: