Մատչելի հղումներ

Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ


Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքել է Ռուսաստանի որոշման դեմ՝ առաջիկա օրերին ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պատրվակով Սև և Ազով ծովերի մի մասը, ինչպես նաև Կերչի նեղուցը արգելափակելու վերաբերյալ։ Ինչպես ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ, նեղոցների աննախադեպ մեծ մասը փակ կլինի նավարկության համար, այդ թվում՝ երրորդ երկրների առևտրային նավերի։ Դա կարող է բացասական հետևանքներ ունենալ Ուկրաինայի նավահանգիստների համար։ Ռուսաստանի գործողությունները որակվում են «հիբրիդային պատերազմի մի մաս», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ավելի վաղ Black Sea News-ը հրապարակել էր Սեւ եւ Ազովի ծովերի տարածքների քարտեզները, որոնք փետրվարի 13-ից-19-ը փակ կլինեն նավարկության համար։ Խոսքը Ազովի ծովի կեսի և Կերչի նեղուցի մասին է, ինչպես նաև Ղրիմից դեպի արևմուտք և հարավ-արևմուտք գտնվող տարածքների։ Մուտքը դեպի Մարիուպոլի նավահանգիստ կարգելափակվի, իսկ մուտքը Օդեսա՝ կդժվարեցվի։

Զորավարժություններին մասնակցելու համար Սև ծով են ժամանել վեց խոշոր դեսանտային նավեր՝ Բալթյան և Հյուսիսային նավատորմեերից։ Չորեքշաբթի օրը վերջին երեք նավերն անցել են Բոսֆորի նեղուցը։

Հունվարին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որում ներգրավված են ավելի քան 140 նավեր: Այս օրերին զորավարժություննեեր են անցկացվում նաեւ Միջերկրական ծովում։ BBC-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին այնտեղ են մտել ռազմանավերի երկու ջոկատ։ Խաղաղօվկիանոսյան նավատորմից ժամանել են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Տրիբութս» խոշոր նավը և «Բորիս Բուտոմա» ծովային տանկերը։ Բացի այդ, ծով է մտել Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը, որի մեջ մտնում են հրթիռային հածանավ «Մարշալ Ուստինովը», «Ծովակալ Կասատոնով» ֆրեգատը և «Փոխծովակալ Կուլակով» խոշոր նավը։ «Մոսկվա» հրթիռային հածանավը ծով է դուրս եկել Սևաստոպոլի ռազմածովային բազայից։ Ենթադրաբար՝ այն նույնպես կարող է միանալ զորավարժություններին, թեև դրա պաշտոնական հաստատումը չկա։

Ռազմածովային զորավարժություններին զուգահեռ, խոշոր զորավարժություններ են անցկացվում Բելառուսի տարածքում, ինչպես նաև Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում։

Դրանք տեղի են ունենում Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պայմաններում։ Ռուսաստանը, ըստ արևմտյան երկրների, ավելի քան 100 հազար զինվորականների խմբավորում է կենտրոնացրել այս երկրի սահմանների մոտ։ Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով հետախուզության աղբյուրներին, գրել են նաև Ռուսաստանի կողմից Սև և Ազովյան ծովերից Ուկրաինայի դեմ դեսանտային օպերացիայի նախապատրաստման մասին։ Ռուսաստանը մերժում է Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրերը:

Հինգշաբթի օրը Բեռլինում տեղի կունենա այսպես կոչված նորմանդական ձևաչափի երկրների՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքական խորհրդականների հանդիպումը։ Երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ նման հանդիպումն է։ Փարիզում կայացած նախորդ հանդիպման արդյունքում հայտարարվել էր, որ Բեռլինում կողմերը կարող են պայմանավորվել Դոնբասում հակամարտության կարգավորման մինսկյան համաձայնությունների իրականացման ուղղությամբ որոշ քայլերի շուրջ։ Այս առումով հույս է հայտնել նաեւ վերջերս Մոսկվա եւ Կիեւ այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սակայն մանրամասները հայտնի չեն։

XS
SM
MD
LG