Մատչելի հղումներ

ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմը ստեղծում է սովի սպառնալիք


Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) նախազգուշացնում է, որ Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը սպառնում է սննդամթերքի լուրջ պակասով աշխարհի մի շարք տարածաշրջաններում

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպել է միլիոնավոր ուկրաինացիների լքել իրենց տները՝ թաքնվելով ռումբերից ապաստարաններում առանց սննդի ու ջրի:

Ուկրաինայում Պարենի համաշխարհային ծրագրի արտակարգ իրավիճակների համակարգող Յակոբ Քերնն ասում է, որ պատերազմը շատ մարդկանց հասցրել է սովի շեմին: Նա կարծում է, որ քանի որ Ուկրաինան գյուղատնտեսական մթերք արտադրող երկիր է, դա սպառնում է նաև պարենային անվտանգությանն ամբողջ աշխարհում, հատկապես «թեժ կետերում»։

Ելույթ ունենալով Լեհաստանի Կրակովում գտնվող WFP-ի տարածաշրջանային գրասենյակում՝ Քերնն ասաց, որ գործակալությունը մոբիլիզացրել է այնքան սնունդ, որ մեկ ամսվա ընթացքում կարող է կերակրել երեք միլիոն մարդու:

«Երկրում սննդի մատակարարման շղթան փլուզվում է: Ապրանքների տեղաշարժը դանդաղել է անվտանգության բացակայության և տրանսպորտի ոլորտի աշխատողների՝ ապրանքները առաքելու անհամաձայնությամբ այնպիսի վայրեր, ինչպիսիք են Դնեպրը, էլ չեմ խոսում Մարիուպոլի կամ Սումիի մասին»,- ասել է Քերնը։

Սևծովյան տարածաշրջանը հայտնի է իր հացահատիկի առատությամբ, որը դրա և գյուղատնտեսական այլ ապրանքների արտադրության կարևորագույն կենտրոններից է, ինչպես նաև հացահատիկի առևտրի համաշխարհային հանգույց։ Սակայն ռուս զինվորականները թույլ չեն տվել մոտ 300 նավերի դուրս գալ Սեւ ծովից։

Քերնն ասում է, որ սննդամթերքի և վառելիքի գները կտրուկ աճում են: Սա միլիոնավոր մարդկանց սովի վտանգ է ներկայացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հատկապես խոցելի երկրներում:

«Ուկրաինայի պատերազմի հետևանքները տարածվում են դեպի արտաքին աշխարհ՝ սպառնալով սովի ալիքով ամբողջ աշխարհում։ Միայն Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային առևտրի գրեթե 30%-ը: Այս առաքումներն այժմ կասեցված են։ Ուկրաինան աշխարհում ցորենի 5-րդ արտադրողն ու արտահանողն է։ Այսպիսով, այն, ինչ տեղի է ունենում, ունի լուրջ հետեւանքներ»,- ասել է Քերնը:

Նա նաև նշել է, որ Եգիպտոսն իր ցորենի ավելի քան 80%-ը ներկրում է Ուկրաինայից, իսկ Լիբանանը՝ ավելի քան 50%-ը։ Այս և այլ երկրներ, ինչպիսիք են Թունիսը, Ալժիրը և Եմենը, որոնք կախված են ուկրաինական ցորենից, ստիպված կլինեն այլ աղբյուրներ փնտրել, ինչը կբերի գների հետագա բարձրացման։

XS
SM
MD
LG