Նախագահ Բայդենը համոզված է՝ ՌԴ նախագահ Պուտինը որոշում է կայացրել ներխուժել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել ուրբաթ կեսօրին, որտեղ ներկայացրել է ԱՄՆ դիվանագիտական ջանքերը՝ կանխելու ռուսական ներխուժումը Ուկրաինա: Նախագահի ելույթը հնչել է ուկրաինացի զինվորականների և ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգության, ինչպես նաև անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից բնակչության տարհանման մասին տեղեկությունների պայմաններում:

Իր խոսքում և հետագա հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահը շեշտել է, որ այս պահին նա համոզված է, որ ՌԴ նախագահ Պուտինը կայացրել է Ուկրաինա ներխուժելու որոշում: Մենք հիմքեր ունենք այդպես մտածելու, նշել է Բայդենը՝ ընդգծելով, սակայն, որ դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորումը միշտ էլ հնարավոր է:

Նախազգուշացումը գալիս է այն ժամանակ, երբ Բայդենի վարչակազմի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ գտնվում են Եվրոպայում՝ Արևելյան Եվրոպայում լարվածության հնարավոր աճը դաշնակիցների հետ քննարկելու համար:

Հինգշաբթի օրը հրթիռակոծության տակ է հայտնվել Ուկրաինայի արևելքում գտնվող մանկապարտեզը. ամերիկացի պաշտոնյաները հարձակման մեջ մեղադրում են Ռուսաստանին:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերջին զարգացումները որակել է «անհանգստացնող»:

Նա ընդգծում է, որ ամերիկյան կողմը վաղուց արդեն կանխատեսել էր, որ Մոսկվան կարող է որոշ հրահրող քայլերի դիմել՝ ռազմական հակամարտությունը արդարացնելու համար։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք դրան, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Օսթինն ասել է, որ Ռուսաստանն ավելացրել է սահմանամերձ շրջաններում իր զորքերի թիվը և նույնիսկ արյան պաշարներ է կուտակել:

«Ես ինքս զինվորկան էի ոչ այնքան վաղուց։ Ես անձամբ գիտեմ, որ նման քայլերի չեն դիմում առանց պատճառի: Եվ, իհարկե, նման քայլեր չեն ձեռնարկվում խաղաղ նպատակներ ունենալու դեպքում»,- ասում է Օսթինը:

Այս շաբաթ Ուկրաինան ենթարկվեց իր պատմության մեջ ամենամեծ կիբերհարձակմանը, որի արդյունքում խաթարվեցին բանկերի ու պետական կայքերի աշխատանքը, ինչը ևս մեկ նախազգուշական նշան է, որ ներխուժումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, նշում են պաշտոնյաները:

Ի պատասխան Ամերիկայի ձայնի լրագրող Կարլա Բաբբի հարցի, թե արդյոք կարող եք հաստատել, որ այս հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հետախուզությունը շարունակում է աշխատանքներ տանել այս ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Գերմանիա մեկնելուց առաջ այս կապակցությամբ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակից՝ նախազգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է փորձել առիթ ստեղծել Ուկրաինայի վրա հարձակվելու համար և կոչ է արել Մոսկվային գնալ դեէսկալացիայի:

«Բայց թույլ տվեք պարզ ասել, որ ես այսօր այստեղ եմ ոչ թե պատերազմ սկսելու, այլ կանխելու համար: Մենք պարտավոր ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի դիվանագիտությունը հաջողի և օգտագործվեն դիվանագիտական բոլոր հնարավորությունները։ Եթե Ռուսաստանը հավատարիմ է դիվանագիտությանը, մենք նրան տալիս ենք հնարավորություն՝ ցույց տալու այդ հանձնառությունը»,- ասել է Բլինքենը:

Նա նաև տեղեկացրել է հաջորդ շաբաթ ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպելու իր առաջարկի մասին: Մինչդեռ Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան երկրորդ աստիճանի ամերիկացի դիվանագետին։

Հոդվածը պատրաստվել է Կարլա Բաբբիի նյութի հիման վրա