ՆԱՏՕ-ի դաշնակիցները նոր հնարավորություններ են ուսումնասիրել դաշինքի արևելյան թևի պաշտպանությունն ամրապնդելու համար, երբ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումը խորացնում է վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայի անվտանգության ամենամեծ ճգնաժամը:
Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դաշինքի պաշտպանության նախարարները երկու օր քննարկում էին, թե ինչպես և երբ պետք է զորքեր և տեխնիկա ուղարկեն դեպի Ռուսաստանին սահմանակից դաշինքի անդամ երկրներ և Սև ծովի տարածաշրջան, եթե Մոսկվան տա դեպի Ուկրաինա ներխուժում իրականացնելու հրաման:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա գործընկերները նախատեսում են նաեւ ուսումնասիրել հարավարևելյան Եվրոպայում ավելի երկար ժամկետով զորքեր տեղակայելու հնարավորությունը:
Այս զորքերը կկրկնապատկեն մոտ 5000 թվակազմով զինծառայողների ներկայությունը, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում ռոտացիոն հիմունքներով տեղակայված են եղել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում:
ԱՄՆ-ը արդեն սկսել է 5000 զինվորականների տեղափոխումը դեպի Ռումինիա:
Մեծ Բրիտանիան մի քանի հարյուր թվակազմով ուժեր է ուղարկում Լեհաստան և առաջարկում է լրացուցիչ ռազմանավեր ու ինքնաթիռներ ուղարկել: Գերմանիան, Նիդերլանդները և Նորվեգիան լրացուցիչ զորքեր են ուղարկում Լիտվա։ Դանիան և Իսպանիան ինքնաթիռներ են տրամադրում օդային պարեկության համար:
«Այն փաստը, որ մենք ՆԱՏՕ-ի ավելի մեծաթիվ զորքեր ենք տեղակայել ցամաքում, ուղարկել ավելի մեծաթիվ նավատորմ եւ օդուժ, շատ հստակ ուղերձ է հղում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը: «Չեմ կարծում, որ Մոսկվային թողել ենք սխալ հաշվարկ կատարելու հնարավորություն», ասել է նա:
Որոշ գնահատականներով, վերջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի հյուսիսում եւ արեւելքում, ինչպես նաեւ հարեւան Բելառուսում է կենտրոնացրել իր ողջ ցամաքային զորքերի մոտ 60 տոկոսը և օդուժի զգալի մասը:
Ստեղծվել է տպավորություն, որ Մոսկվան պատրաստ է կրկնել 2014-ի իր ներխուժումն Ուկրաինա, բայց` ավելի մեծ մասշտաբով: Սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, պատրաստ չէ պաշտպանել այն։ «Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինան գործընկեր է եւ մենք աջակցում ենք Ուկրաինային. Իսկ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին ապահովում ենք անվտանգության 100%-անոց երաշխիքներ»,- լրագրողներին ասել է Ստոլթենբերգը։
Միաժամանակ, դաշինքի որոշ անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան, ուղղակիորեն օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ «Մենք Ուկրաինային կտրամադրենք ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր օգնություն։ Սա շատ կարևոր խնդիր է բոլորիս համար»,- ասել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
Իսկ Պուտինին խոստացված «հսկայական ծախսերը», եթե նա որոշի արձակել հարձակում սկսելու հրաման, կստանա տնտեսական և քաղաքական հակահարված պատժամիջոցների եղանակով, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի իրավասության մեջ։