Մատչելի հղումներ

Վաշինգտոն. Ռուսաստանը կարող է պատրվակ ստեղծել Ուկրաինայի դեմ հարձակվելու համար


Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ չեն կարող հաստատել ամերիկյան հետախուզության տեղեկությունը ռուսական ծրագրված ներխուժման մասին

Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ներխուժել Ուկրաինա անսպասելի պատրվակի ներքո, կիրակի հայտարարել է Վաշինգտոնը՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելու իր հանձնառությունը, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Ռուսաստանը Ուկրաինային սահմանակից շրջաններում կենտրոնացրել է ավելի քան 100 հազար զինվորական։ Վաշինգտոնը, բաց պահելով դիվանագիտական խողովակները, որոնք մինչ այժմ չեն կարողացել մեղմել ճգնաժամը, բազմիցս հայտարարել է ներխուժման անխուսափելիության մասին:

Մոսկվան հերքում է նման ծրագրերի մասին պնդումները և Արևմուտքին մեղադրում «հիստերիայի» մեջ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օրերս Ռուսաստանին կոչ է արել դեէսկալացիա անել և նախազգուշացրել պատժամիջոցների մասին, եթե Մոսկվան ներխուժի: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Բեռլինը «կոնկրետ արդյունքներ» չի ակնկալում, սակայն դիվանագիտությունը կարևոր է:

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը BBC-ին ասել է, որ Կիևը կարող էր հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտից՝ պատերազմից խուսափելու համար: Դեսպան Վադիմ Պրիստայկոն ասել է, որ Ուկրաինան պատրաստ է «ճկունություն» ցուցաբերել՝ կապված Ատլանտյան ռազմական դաշինքին միանալու իր նպատակների հետ։

Վաշինգտոնում նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ներխուժումը կարող է սկսվել «ցանկացած օր»:

«Մենք չենք կարող ճշգրիտ կանխատեսել օրը, բայց մենք վաղուց ասում էինք, որ կա նման հնարավորության պատուհան», - ասաց Սալիվանը CNN-ին:

Ամերիկացի պաշտոնյաներն ասացին, որ իրենք չեն կարող հաստատել ամերիկյան հետախուզության պնդումը, որ ռուսական կողմը ծրագրում է ներխուժում չորեքշաբթի օրը:

Սալիվանն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր տվյալները փոխանցել միջազգային հանրությանը, որպեսզի Մոսկվային զրկի անակնկալ գործողություններ իրականացնելու, այլ կերպ ասած՝ հարձակման պատրվակ ստեղծելու հնարավորությունից։

ԱՄՆ-ը նաև պատրաստ է «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ… և մենք կարծում ենք, որ Ռուսաստանը լիովին հասկանում է այդ ուղերձը», - ավելացրել է Սալիվանը CBS-ին տված առանձին հարցազրույցում:

Կիրակի օրը Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմեր Զելենսկու հետ։ Երկու ղեկավարներն էլ համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով զսպման մեխանիզմների կարևորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական հզորացման, ասել է Սպիտակ տունը:

Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս թեման։

XS
SM
MD
LG