Մատչելի հղումներ

‘’Ուկրաինան չի հրաժարվելու ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակներից’’. Վոլոդիմիր Զելենսկի


Երկուշաբթի օրը գերմանական ռազմական մի օդանավ վայրէջք կատարեց Լիտվայում`այստեղ տեղափոխելով Գերմանիայի կողմից նախատեսված 350 զինվորականներից առաջին 70-ին: ՆԱՏՕ-ն այսպիսով իրականացնում է արեւելյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու քայլեր, երբ Ուկրաիայի սահմանների երկայնքով տեղակայված ռուսական ավելի քան 100 հազար թվակազմով ուժերը ցույց չեն տալիս այստեղից հեռանալու նշաններ: Այս մասին հաղորդում է ''Ռոյթերս'' լրատվական գորածկալությունը:

Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիեւում ընդունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, երբ այս օրերին Արեւմուտքի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնում ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ կանգնած Ուկրանիային:

Շոլցը, որը երեքշաբթի օրը մեկնելու է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման համար, կոչ է արել Պուտինին իրականացնել լարվածությունը մեղմելու քայլեր: Թվիթերյան իր էջում Շոլցը, ռուսական գործողությունները Եվրոպայի համար շատ լուրջ վտանգ համարելով, գրել է, որ «հետագա ռազմական ագրեսիան» կկանգնեցնի լուրջ հետևանքների առջեւ:

Արեւմուտքը որոշակի ոչինչ չի ասում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում կոնկրետ հակաքայլերի մասին, բավարարվելով միայն Ռուսաստանի դեմ տնտեսական ուժեղ պատժամիջոցներ սկսելու մասին հայտարարություններով:

«Մեր անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է», - ասված է Մեծ յոթնյակի ֆինանսների նախարարների երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ: «Մենք կրկնում ենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կարժանանա արագ, համակարգված և ուժգին պատասխանի։ Մենք պատրաստ ենք հավաքականորեն կիրառել տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ, որոնք հսկայական և անմիջական հետևանքներ կունենան Ռուսաստանի տնտեսության վրա», ասված է նույն հայտարարության մեջ։

Ուկրաինան կիրակի օրը խնդրել է Ռուսաստանին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մյուս անդամներին մասնակցել երկօրյա հանդիպմանը՝ քննարկելու ռուսական զորքերի տեղաշարժը։

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի սահմանին զորքերի տեղակայումը չունի այս երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակ:

«Այդ դեպքում Մոսկվան պետք է կատարի ռազմական թափանցիկության իր հանձնառությունը՝ լարվածությունը թուլացնելու և բոլորի համար անվտանգությունն ուժեղացնելու համար», - թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի ընդդիմությանը, իր երկիրը շարունակելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ջանքերը: Ահա սա է, ինչն ամենաշատը մտահոգում է Ռուսաստանին, ինչի պատճառով էլ, ասում են վերլուծաբանները, Մոսկվան որոշել է Արեւմուտքին սպառնալ զորքերի նման կուտակումներով:

Սակայան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ անցկացված մամլո համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ չնայած այս օրերին մեծաթիվ վերլուծաբաններ եւ մի շարք երկրների առաջնորդներ են կոչ անում խուսափել այս պահին նման հարց բարձրացնելու մոտեցումից եւ ռիսկի չդիմել, «Ես կարծում եմ, որ «մենք պետք է շարժվենք մեր ընտրած ճանապարհով»:

Ըստ ''Ռոյթերս''-ի, այս հայտարարությամբ Զելենսկին հանդես եկավ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը հերքեց BBC-ին տված իր նախկին մեկնաբանություններն այն մասին, թե Ուկրաինան պատրաստ է «ճկուն» լինել ՆԱՏՕ-ին միանալու իր հավակնությունների հարցում: Նախագահ Զելենսկին հայտարարում է, թե չի թաքցնելու իր երկրի շահերն ու բարձրաձայն է ասելու այդ մասին:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ռուսաստանը, չնայած Մոսկվայի կողմից ստացվող հերքումներին, կարող է Ուկրաինայի դեմ ներխուժում սկսել ցանկացած պահի:

Լեհաստանն արդեն մշակում է ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Ուկրաինայից Լեհաստան մինչեւ մեկ միլիոն փախստականների ընդունելու ծրագրեր:

Չնայած Զելենսկին և ուկրաինացի այլ առաջնորդներ փորձում են տնտեսության վրա բացասական մեծ ազդեցության պատճառով մեղմել պատերազմի հնարավորությունը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները նախազգուշացնում են, որ պատերազմական գործողություններ կարող են սկսվել արդեն այս շաբաթ: Վերջին հույսը դիվանագիտական վերջին ջանքերն են:

XS
SM
MD
LG