Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը կարգավորելու համար նախընտրելի է համարում դիվանագիտական ​​ճանապարհը


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի օպտիմալ լուծումը դիվանագիտական լուծումն է, և որ առաջիկա օրերին ակնկալում է խորհրդակցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ։

«Ինչպես բոլորդ գիտեք, մենք ներգրավված ենք եղել երկուղի ռազմավարության մեջ, որտեղ հետապնդում ենք դիվանագիտական ուղին` միևնույն ժամանակ ձևավորելով Ռուսաստանին ագրեսիվ գործողություններից հետ պահելու ուժեղ դիմադրություն», - ասել է Բլինքենը լրագրողներին:

Չորեքշաբթի օրը շարունակվում է դիվանագիտության մարաթոնը, երբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը մեկնում է Մոսկվա: Նա ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում հստակ կերպով կտեղեկացնի վերջինիս, որ «Ռուսաստանի կողմից ինքնիշխան որեւէ պետության դեմ որեւէ նոր ներխուժում մեծ հետևանքներ կունենա Մոսկվայի համար»:

«Ռուսաստանն այստեղ ընտրություն ունի: Մենք խստորեն խրախուսում ենք նրանց ներգրավվել, լարվածությունը թուլացնել և ընտրել դիվանագիտության ուղին», ասել է Թրասը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը կմեկնի Լեհաստան՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի այս դաշնակից պետության տարածքում տեղակայված զորքերին, ինչպես նաեւ հանդիպումներ ունենալու համար Լեհաստանի առաջնորդների հետ: Լեհաստանից հետո նա մեկնելու է Բրյուսել, որտեղ բանակցություններ է անցկացնելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ եվրոպացի դաշնակիցների ջանքերն իրենց ազդեցությունն են թողնում։

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց վերահսկելի»,- ասել է նա։ Նրա խոսքերով, «Դիվանագիտությունը շարունակում է նվազեցնել լարվածությունը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրն ասել էր, որ խնդրի լուծման համար կարող է ամիսներ պահանջվել: «Ես չեմ հավատում, որ այս ճգնաժամը կարող է լուծվել մի քանի ժամ քննարկումների արդյունքում», ասել էր նա Կիեւում նախագահ Զելնեսկիի հետ հանդիպման ժամանակ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասել է, թե «խելամթյուն» կա այն առաջարկներում, որոնք Մակրոնն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս շաբաթվա սկզբին: Պեսկովը, սակայն, մերժել է ճգնաժամի կարգավորման առաջարկները՝ ասելով. «Առայժմ մենք չենք տեսնում և չենք զգում մեր մտահոգությունները հաշվի առնելու հարցում մեր արևմտյան գործընկերների պատրաստակամությունը»:

ՆԱՏՕ-ն մերժել է դեպի Արևելյան Եվրոպա իր տարածումը դադարեցնելու եւ ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինան երբեք չընդգրկելու Մոսկվայի պահանջները: Արևմուտքն ասում է, որ պատրաստ է բանակցել Արևելյան Եվրոպայում հրթիռների տեղակայման և ՆԱՏՕ-ի զորքերի զորավարժությունների շուրջ:

Այս հոդվածում տեղեկությունների մի մասը ստացվել է Associated Press, France-Presse և Reuters լրատվական գործակալություններից:

XS
SM
MD
LG