Մատչելի հղումներ

Արևմտյան երկրները տաբեր կածիքներ ունեն ռուսական ներխուժման հնարավորության հարցում


ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կարծում են, որ ռուսական ուժերը պատրաստ են հարձակման, սակայն Գերմանիան և Ֆրանսիան գտնում են, որ մոտ օրերս սրացում չի լինի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունների շուրջ քննարկումները շարունակվեցին նաև կիրակի օրը՝ արևմտյան ռազմական պաշտոնյաների և անկախ փորձագետների եզրակացությունների պայմաններում: Հայտնի է, որ Կրեմլը բավականաչափ ուժեր է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ:

Այնուամենայնիվ, դաշնակիցները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե արդյոք ռազմական կուտակումը Արևմուտքից զիջումներ շահելու հնարք է, թե՞ այն իրական հարձակման համար պատրաստվող ուժ է:

Վաշինգտոնն ու Լոնդոնը կարծում են, որ Ռուսաստանը չի ձևացնում, և ուժերը, որոնք երեք կողմից շրջապատել են Ուկրաինան, իսկապես պատրաստ են անցնելու հարձակման։

«Մտահոգիչ է, որ չնայած դիվանագիտական աշխատանքի լայնածավալ ակտիվացմանը, ռազմական հզորության կուտակումը շարունակվում է։ Այն չի կասեցվել, այլ շարունակվում է»,- շաբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Նա Ուկրաինա ռուսական ներխուժումը կանխելուն ուղղված արևմտյան դիվանագիտությունը համեմատեց հանդարտեցման քաղաքականության հետ՝ ասելով լոնդոնյան թերթերին, որ «Արևմուտքում ոմանց կողմից Մյունխենի հոտն է գալիս»՝ հղում անելով 1938 թվականի Մյունխենի համաձայնագրին, որը նացիստական Գերմանիային թույլ տվեց միացնել Չեխոսլովակիայի Սուդետյան շրջանը:

Մինչդեռ կիրակի օրը Կիևում բրիտանական դեսպանատան մոտ իջևցվել է բրիտանական դրոշը: Տեղի պաշտոնյաներն ասում էին, որ իրենց ասել են, որ երկուշաբթի օրվանից դիվանագիտական ներկայացուցչությունը փաստացիորեն կփակվի, և այնտեղ կմնան միայն դեսպանն ու ռազմական կցորդները։

Մինչ բրիտանացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Պուտինը պատրաստ է դիմակայել արևմտյան պատժամիջոցների սպառնալիքներին և արդեն ներառել է դրանք ռազմական հաշվարկների ծախսերի մեջ, Փարիզում և Բեռլինում կարծում են, որ այս շաբաթ սրացում չի լինի։ Ֆրանսիայի իշխանությունները առանձնապես չեն կարեւորել Պենտագոնի եւ ամերիկյան հետախուզության մանրամասն զեկույցը, որը փոխանցվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ Փաստաթուղթը նկարագրում է ռուսական ներխուժման ծրագիրը, որն ըստ զեկույցի հեղինակների կարող է տեղիի ունենալ չորեքշաբթի օրը:

Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը երկժամյա հեռախոսազրույց են ունեցել։ Ելիսեյան գրասենյակի պաշտոնյան ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է, որ Պուտինը «որևէ ակնարկ չի արել, որ պատրաստվում է հարձակման անցնել»: Ֆրանսիացի պաշտոնյաները դեռ հույս ունեն, որ դիվանագիտությունը կարող է կանխել հակամարտությունը և ասում են, որ Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի առաջնորդը պայմանավորվեցին շաբաթ օրը մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ:

Այդուհանդերձ, Փարիզը ևս նախազգուշացնում է իր քաղաքացիներին, ինչպես Միացյալ Նահանգները և եվրոպական այլ երկրներ, խորհուրդ տալով իրենց և օտարերկրյա քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից։

«Մենք չափազանց զգոն ենք և ուշադիր հետևում ենք ռուսական ուժերի տեղակայումներին, որպեսզի խուսափենք վատթարագույնից»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

Գերմանիան իր հյուպատոսությունը Դնեպրից տեղափոխում է Լվով՝ երկրի արևմուտք: Սա դիվանագիտական առաքելության երկրորդ տեղափոխումն է. այն տեղափոխվեց Դոնեցկից 2014 թվականին, երբ ռուսամետ անջատականները վերահսկողության տակ առան քաղաքը։

Մեծ Բրիտանիան նաև Կիևի հյուպատոսությունն է տեղափոխում Լվով, իսկ հյուպատոսության աշխատակիցները կկենտրոնանան բրիտանացի քաղաքացիներին օգնելու վրա, ովքեր ցանկանում են լքել Ուկրաինան, ասել են տեղի պաշտոնյաները:

Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին Մոսկվայի դեմ զրպարտչական արշավի մեջ, որն իբր նպատակ ունի «վարկաբեկել Ռուսաստանի արդարացի պահանջները անվտանգության երաշխիքների վերաբերյալ, ինչպես նաև արդարացնել Արևմուտքի աշխարհաքաղաքական նկրտումները և Ուկրաինայի տարածքի ռազմականացումը»։

Հոդվածը պատրաստվել է Ջեյմի Դեթմերի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG