Մատչելի հղումներ

Ռուսաստանը հավելյալ զորքեր է ուղարկում սահման եւ արտաքսում ԱՄՆ-ի փոխդեսպանին


Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը դիվանագիտական ջանքերի նոր փուլ է սկսում՝ փորձելով լուծել ուկրաինական ճգնաժամը, որը շատերի կարծիքով կարող է վերածվել Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայում ամենամեծ զինված հակամարտության:

Փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում մասնակցում են անվտանգության համաժողովին, ինչին այս տարի չեն մասնակցում Ռուսաստանի ներկայացուցիչները:

Հարրիսը շաբաթ օրը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մինչ Հարիսի և Բլինքենի ուղևորության մասին հայտարարության հրապարակումը Էստոնիայի հետախուզության ղեկավար Միկ Մարանն ասել է, որ Ռուսաստանը սահմանափակ հրթիռային հարձակում է նախատեսում Ուկրաինայի դեմ, նպատակ ունենալով զբաղեցնել կարեւոր նշանակության տարածքներ:

«Մեր գնահատականներով՝ այժմ նրանք կխուսափեն մեծ թվով բնակչություն ունեցող քաղաքներից, քանի որ այդ տարածքները վերահսկելու համար շատ զորք է պահանջվում», - ասել է նա լրագրողներին։

ԱՄՆ-ի և ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք չունեն Ռուսաստանի կողմից սահմանների մոտ տեղակայված 150,000 թվակազմով զորքերի մի մասը դուրս բերելու վերաբերյալ որեւէ փաստ:

Լեհական անկախ խորհրդատվական Rochan Consulting ընկերությունը, որը հետևում է զինվորականների տեղաշարժին արբանյակային պատկերների միջոցով, տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց որոշ զորքեր իրենց ռազմաբազաներ վերադարձնելու մասին, լրացուցիչ ռազմական գնացքներ են հայտնվել Ուկրաինայի սահմանի մոտ:

«Զորքերի դուրսբերման նշաններ չկան. Իրականում կատարվել է ճիշտ հակառակը»,- ասել են ընկերության ներկայացուցիչները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը, ելույթ ունենալով ABC-ի Good Morning America հեռուստաալիքի եթերում, ասել է. ‘’Ցավոք, տարբերություն կա Ռուսաստանի խոսքերի և գործերի միջև’’:

Ըստ ԱՄՆ-ի հաշվարկների, վերջին օրերին Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորախումբն ավելացել է գրեթե 7000-ով:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները որոշել են Ռուսաստանից արտաքսել ԱՄՆ-ի դեսպանության երկրորդ կարգի դիվանագետ, փոխդեսպան Բարտ Գորմանին։

«Ռուսական այս գործողությունները ... անհիմն են, մենք դա համարում ենք քայլ դեպի էսկալացիա, ինչին կհետեւի մեր պատասխանը», - հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ԱՄՆ-ի դիվանագետների և այլ աշխատակիցների անհիմն արտաքսումները` փոխարենը արդյունավետ աշխատանք ծավալելով դիվանագիտական առաքելությունների գործառույթները վերականգնելու ուղղությամբ։ Այժմ, մեր կառավարությունների միջև հաղորդակցությունն ապահովելու համար տեղում անհրաժեշտ թվով դիվանագիտական անձնակազմ ունենալն ավելի կարևոր է, քան երբևէ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը կրկնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգը «շատ մեծ է»: Սակայն ճգնաժամի դիվանագիտական լուծման հնարավորություն դեռեւս կա, ասել է նա:

Նախագահը հավելել է, որ չի պատրաստվում հեռախոսով խոսել Վլադիմիր Պուտինի հետ։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը դուրդ չի բերել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից, և ավելացրել, թե ԱՄՆ-ն հիմքեր ունի ենթադրելու, որ Ռուսաստանը ներգրավված է կեղծ դրոշակային գործողության մեջ, որը Մոսկվան կօգտագործի ներխուժումն արդարացնելու համար։

Բայդենը լրագրողների ասել է, թե դիվանագիտական լուծումը մնում է հնարավոր պայման, ուստի նա պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հրահանգել է ՄԱԿ-ում հինգշաբթի օրը հանդես գալ նման հայտարարությամբ:

«Նա կասի, թե որն է այդ ճանապարհը», - ասել է Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG