«Անկարան պատրաստ է ցանկացած սցենարի՝ Սիրիայում բռնությունների շարունակության դեպքում»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեքշաբթի օրը՝ հավելելով, որ իր երկիրը Սիրիայի հետ սահմանամերձ հատվածում կարող է ստեղծել բուֆերային գոտի, որի ստեղծումը կարող է անհրաժեշտ լինել այն դեպքում, եթե բռնությունների պատճառով դեպի Թուրքիա փախուստի դիմեն Սիրիայի հարյուր հազարավոր բնակիչներ:
Դավութօղլուի համաձայն, Սիրայի կառավարությունը պետք է հաշտվի իր իսկ ժողովրդի հետ, քանի որ այս երկրի քաղաքացիներին խոշտանգումների ենթարկող վարչակարգը «գոյատևելու հնարավորություն չունի»:
Սիրիայի հետ սահմանի մոտակայքում ներկայում գտնվում է այս երկրից Թուրքիայի տարածք անցած մոտ 7,5 հազար փախստական:
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը նույն օրը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է դադարեցնել Սիրիայի տարածքով իրականացվող բեռնափոխադրումները՝ այդ նպատակով բացելով առևտրային նոր ուղիներ, որոնք կանցնեն Իրաքի տարածքում:
Նման քայլին Թուրքիան նախատեսում է դիմել այն դեպքում, եթե բարդանա Սիրիայում ստեղծված իրավիճակը և Դամասկոսի դեմ նոր պատժամիջոցներ ուժի մեջ մտնեն:
Տրանսպորտի նախարար Յըլդըրըմն ասել է, որ տարածաշրջանում ցամաքային բեռնափոխադրման ուղիները փոխելու անհրաժեշտության դեպքում հնարավոր է, որ Թուրքիան սահմանային նոր անցում բացի Իրաքի հետ: