Սիրիայի պետական բանակի շարքերը լքած զինվորականները նոր հարձակում են իրականացրել ընդդեմ կառավարական ուժերի։
Ըստ որոշ հաղորդագրությունների, գրոհի ժամանակ, որն իրականացվել է երկրի արեւելյան մի հատվածում, նրանք ոչնչացրել են բանակի 1Օ զինվորականի եւ անվտանգության ուժերի զինծառայողների։
Ապստամբ ուժերի շարքերում կան վիրավորներ։
Իսկ այս ընթացքում Արաբական լիգան պատրաստվում է նոր պատժամիջոցներ սկսել ընդդեմ Սիրիայի՝ պահանջելով, որ երկրի կառավարությունը դադարեցնի հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ կիրառվող բռնությունները։
Սիրիայի կառավարությունը չհարգեց այստեղ միջազգային դիտորդներ հրավիրելու մասին Արաբական լիգայի ներկայացրած վերջնաժամկետը, որն ավարտվեց ուրբաթ օրը։
Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ էլ Արաբին տեղեկացրել է, որ ինքը մի քանի հարց պարունակող նամակ է ստացել Դամասկոսից, սակայն չի ստացել առաջարկն ընդունելու մասին որեւէ լուր։
Հիշեցնենք, որ Արաբական լիգան այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը դադարեցրել էր երկու շաբաթ առաջ։
ՄԱԿ-ի հաշվարկներով, մարտ ամսից սկսված ապստամբության ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 3 հազար 5ՕՕ ցուցարար։Կան տեղեկություններ, որ ձերբակալված ցուցարարները, այդ թվում մեծաթիվ երեխաներ բանտերում ենթարկվում են կտտանքների։