Մատչելի հղումներ

Արաբական պետությունների լիգան իրականացնում է Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցները


Սիրիայի դեմ պատժամիջոցների իրականացման համար պատասխանատու Արաբական պետությունների լիգայի հանձնաժողովը սկսել է միջոցներ ձեռնարկել երկրում իշխանության գլուխ կանգնած և մեծ կարողություն ունեցող անձանց նկատմամբ:

Լիգայի հանձնաժողովը հինգշաբթի օրը հրապարակել է ցուցակ, որտեղ ներառված Սիրիայի 17 քաղաքացուն արգելվել է այցելել արաբական պետություններ: Ցուցակում ընդգրկված անձանցից են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի եղբայրը, երկրի ամենահարուստ գործարարն ու նախարարների խորհրդի անդամները:

Արաբական պետությունների լիգայի պաշտոնատար անձանց համաձայն, այս ցուցակը և պատժամիջոցների իրականացման մասին այլ տեղեկությունները կներկայացվեն կիրակի օրը Դոհայում կայանալիք հանդիպման ընթացքում:

Սիրիայի իշխանությունները չորեքշաբթի օրն ազատ են արձակել 912 բանտարկյալ, որոնք, ըստ իշխանությունների, «առնչություն չեն ունեցել խռովությունների ընթացքում իրականացված սպանությունների հետ»:

Երկրում գործող ակտիվիստները հայտնել են, որ չորեքշաբթի օրը խռովությունների կենտրոն Դերաա նահանգում տեղի են ունեցել բախումներ քաղաքացիական անձանց և Սիրիայի զինված ուժերի միջև, որոնց արդյունքում զոհվել է քաղաքացիական առնվազն վեց անձ և յոթ զինծառայող:

XS
SM
MD
LG