Սիրիայի իշխանությունները որևէ արձագանք չեն ներկայացրել Արաբական պետությունների լիգայի կողմից երկիր օտարերկրյա դիտորդներ ուղարկելուն վերաբերյալ ծրագրին, որին պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է ուրբաթ կեսօրին:
Ծրագրին չհամաձայնվելու դեպքում Արաբական պետությունների լիգան սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ: Լրացուցիչ պատժամիջոցների սահմանման խնդիրը քննարկելու համար Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների ներկայացուցիչների հանդիպում է անցկացվելու շաբաթ օրը:
Սիրիայի անդամակցությունն այս կազմակերպությունը դադարեցրել է երկու շաբաթ առաջ՝ նախագահ Բաշար ալ-Ասսադի կողմից երկրում խռովությունները դադարեցնելուն ուղղված Լիգայի ծրագիրը չիրականացնելու և ցուցարարների դեմ բռնությունների գործադրումը շարունակելու պատճառով:
Ռուսաստանի իշխանությունները սակայն ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ նոր պատժամիջոցների ձեռնարկումը հակառակ ազդեցություն կարող է գործել: Արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ Սիրիային այժմ խիստ անհրաժեշտ է վերականգնել ներքաղաքական երկխոսությունը:
Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ հանձնաժողովն ուրբաթ օրը հայտնել է, որ այն ձեռք է բերել տեղեկություններ Սիրիայում համատարած բռնությունների և չարաշահումների մասին, որոնք երկրի անվտանգության ուժերի կողմից իրականացվել են նաև ձերբակալված երեխաների նկատմամբ:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, մարտ ամսից այս երկրում տեղի ունեցող բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 3,5 հազար մարդ:
Սիրիայի իշխանությունները երկրում տեղի ունեցող բռնությունների իրականացման մեջ մեղադրում են օտարերկրյա պետությունների աջակցությունը ստացող ահաբեկիչներին և կրոնական ծայրահեղականներին:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, հինգշաբթի օրը Սիրիայի Հոմս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած բախումների զոհ է գնացել առնվազն 47 մարդ: Կազմակերպության համաձայն, զոհերի թվում կան երկրի անվտանգության ուժերի ծառայողներ և ընդդիմության կողմ անցած դասալիքներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք: