Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան ապրիլին «հոբելյանական» արբանյակ տիեզերք կհանի


Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախատեսում են հաջորդ ամիս օգտագործել գործողության մեծ շառավիղ ունեցող իր հրթիռներից մեկը՝ հանգուցյալ նախագահ Քիմ Իլ Սունգի 100-ամյա հոբելյանը տոնելու կապակցությամբ տիեզերք արբանյակ հանելու նպատակով:

Փխենյանի պաշտոնական լրատվամիջոցների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն, Տիեզերական տեխնոլոգիաների հյուսիսկորեական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ գործողության երկար շառավիղ ունեցող «Ունհա-3» հրթիռի միջոցով ուղեծիր կհանվի Հյուսիսային Կորեայում պատրաստված հետազոտական մի արբանյակ:

Հարավային Կորեան, արձագանքելով հյուսիսային իր հարևանի կողմից արված հայտարարության, այն անվանել է բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների կիրառմամբ արբանյակներ ուղեծիր դուրս բերելն արգելող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1874 բանաձևի կոպիտ խախտում: Այս երկրի արտգործնախարարության համաձայն, Հյուսիսային Կորեայի նման գործողությունները «կդառնան Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող կոպիտ սադրանք»:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նույնպես հորդորել է Հյուսիսային Կորեային պահպանել միջազգային իր պարտավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի բոլոր որոշումները: Ըստ արտգործնախարարության խոսնակի, Վաշինգտոնը քննարկումներ է անցկացնում միջազգային իր գործընկերների հետ՝ Հյուսիսային Կորեայի ծրագրերին արձագանք մշակելու ուղղությամբ:

Հյուսիսային Կորեան 2009 թվականի ապրիլին փորձել է տիեզերք դուրս բերել իր արբանյակներից մեկը՝ օգտագործելով գործողության մեծ շառավիղ ունեցող մի հրթիռ: Միջազգային հանրությունը քննադատել է Փխենյանի այս գործողությունները, քանի որ Հյուսիսային Կորեան նման եղանակով փորձել է քողարկել գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել նման հրթիռների փորձարկումները՝ փոխարենը համաձայնվելով ԱՄՆ-ից ստանալ 240 հազար տոննա պարենային օգնություն:

XS
SM
MD
LG