Մատչելի հղումներ

Ասիական պետությունները ողջունել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ձեռք բերված համաձայնությունը


Ասիական պետությունները «զգուշորեն ողջունել են» Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի և գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը:

Ճապոնիայի արտգործնախարար Կոիհիրո Գեմբան հինգշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վերադարձը Հյուսիսային Կորեա: Արտգործնախարար Գեմբան ասել է, որ Հյուսիսային Կորեան «զգալի զիջումների է գնացել»՝ միաժամանակ նշելով, որ դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի Փխսենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է նաև Չինաստանի արտգործնախարարության խոսնակը՝ ասելով, որ Պեկինը շարունակելու է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Փխենյանը դադարեցնելու է միջուկային ոլորտում իրականացվող բոլոր աշխատանքները, ներառյալ ուրանի հարստացման աշխատանքները: Միացյալ Նահանգների պաշտոնյաները միաժամանակ հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն ԱՄՆ-ը շարունակելու է աշխատանքը՝ Հյուսիսային Կորեային 240 հազար տոննա պարենային օժանդակության տրամադրման ուղղությամբ:

XS
SM
MD
LG