Մատչելի հղումներ

Եվրամիությունը հորդորել է Հյուսիսային Կորեային դադարեցնել արբանյակ արձակելու ծրագրերը


Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյ
Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյ

Եվրոպական Միությունը հորդորել է Հյուսիսային Կորեային դադարեցնել բալիստիկ հրթիռ արձակելու և միջուկային զենք մշակելու ծրագրերը:

Սեուլում մարտի 28-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքի հետ անցկացված հանդիպումից հետո Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «ապրիլի կեսերին արբանյակ արձակելու Փխենյանի ծրագրերը լուրջ մտահոգություն են առաջացնում»:

«Հորդորում ենք Հյուսիսային Կորեային զերծ մնալ ապակայունացնող բոլոր գործողություններից և ամբողջությամբ կատարել իր պարտականությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և այլ պայմանագրերի համաձայն», - ասել է Ռոմփեյը:

Եվրամիության նախագահը նշել է, որ հրթիռների և միջուկային զենքի մշակման շուրջ տարվող աշխատանքների փոխարեն Հյուսիսային Կորեայի կառավարությունը պետք է կենտրոնանա երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակի բարելավման և սովի խնդիրները լուծելու վրա:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախատեսում են հաջորդ ամիս օգտագործել գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներից մեկը՝ հանգուցյալ նախագահ Քիմ Իլ Սունգի 100-ամյա հոբելյանը տոնելու կապակցությամբ տիեզերք արբանյակ հանելու նպատակով:

Փխենյանը նախատեսում է ուղեծիր հանել Հյուսիսային Կորեայում պատրաստված հետազոտական մի արբանյակ գործողության երկար շառավիղ ունեցող «Ունհա-3» հրթիռի միջոցով:

Հարավային Կորեան, արձագանքելով հյուսիսային իր հարևանի կողմից արված հայտարարության, այն անվանել էր բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների կիրառմամբ արբանյակներ ուղեծիր դուրս բերելն արգելող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1874 բանաձևի կոպիտ խախտում: Սեուլի համաձայն, Հյուսիսային Կորեայի նման գործողությունները «կդառնան Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող կոպիտ սադրանք»:

Անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումները՝ փոխարենը համաձայնվելով ԱՄՆ-ից ստանալ 240 հազար տոննա պարենային օգնություն:

XS
SM
MD
LG