Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հանդիպում է ունեցել Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հարավային Կորեայի մայրաքաղաք Սելուլում երկուշաբթի օրը մեկնարկող գագաթաժողովից առաջ հանդիպում է անցկացրել Ռուսատանի և Չինաստանի ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են միջուկային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Դմիտրի Մեդվեդևի և Հու Ջինթաոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը հայտնել է Թեհրանի միջուկային ծրագրի իրական նպատակների մասին իր ունեցած մտահոգությունները:

Ռուսատանի և Չինաստանի ղեկավարների հետ հանդիպումից առաջ նախագահ Օբաման իր ուղերձով է դիմել Միջազգային հարաբերությունների Հանքուք համալսարանում հավաքված լսարանին:

Իր խոսքում Օբաման հորդորել է Հյուսիսային Կորեային «ունենալ խաղաղության հասնելու խիզախություն և ձեռնարկել միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ անշրջելի քայլեր»:

Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը շեշտել է նաև, որ Միացյալ Նահանգները թշնամաբար չի վերաբերվում Հյուսիսային Կորեային՝ միաժամանակ զգուշացնելով, որ Փխենյանի սադրանքները լուրջ հետևանքներ կունենան:

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան զգուշացրել են, որ հաջորդ ամիս Փխենյանի կողմից «արբանյակի արձակման» դեպքում նրանք կխստացնեն պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախատեսում են հաջորդ ամիս օգտագործել գործողության մեծ շառավիղ ունեցող իր հրթիռներից մեկը՝ հանգուցյալ նախագահ Քիմ Իլ Սունգի 100-ամյա հոբելյանը տոնելու կապակցությամբ տիեզերք արբանյակ հանելու նպատակով:

Փխենյանը նախատեսում է ուղեծիր հանել Հյուսիսային Կորեայում պատրաստված հետազոտական մի արբանյակ գործողության երկար շառավիղ ունեցող «Ունհա-3» հրթիռի միջոցով:

Հարավային Կորեան, արձագանքելով հյուսիսային իր հարևանի կողմից արված հայտարարության, այն անվանել էր բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների կիրառմամբ արբանյակներ ուղեծիր դուրս բերելն արգելող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1874 բանաձևի կոպիտ խախտում: Սեուլի համաձայն, Հյուսիսային Կորեայի նման գործողությունները «կդառնան Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող կոպիտ սադրանք»:

Հյուսիսային Կորեան 2009 թվականի ապրիլին փորձել էր տիեզերք դուրս բերել իր արբանյակներից մեկը՝ օգտագործելով գործողության մեծ շառավիղ ունեցող մի հրթիռ: Միջազգային հանրությունը քննադատության էր ենթարկել Փխենյանի այս գործողությունները, քանի որ Հյուսիսային Կորեան նման եղանակով փորձել էր քողարկել գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումը:

Անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել նման հրթիռների փորձարկումները՝ փոխարենը համաձայնվելով ԱՄՆ-ից ստանալ 240 հազար տոննա պարենային օգնություն:

XS
SM
MD
LG