Մատչելի հղումներ

Օբաման ու Էրդողանը քննարկել են Սիրիայի ապստամբներին օգնության տրամադրման հարցը


«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբության մասնակիցներին նախատեսում է տրամադրել «ոչ մահացու» օգնություն»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Սպիտակ տունը, որի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կիրակի օրը քննարկել է Սիրիայի ապստամբներին օգնություն տրամադրելու հարցը:

Երկու պետությունների ղեկավարները ժամանել են Սեուլ՝ միջուկային անվտանգության հարցերով կայանալիք գագաթաժողովին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում Օբաման ու Էրդողանը համաձայնության են եկել «ոչ մահացու» օժանդակության տրամադրումը քննարկել Ստամբուլում՝ ապրիլի 1-ին «Սիրիայի ընկերներ»-ի կայանալիք հանդիպման ընթացքում:

Սիրիայի ընդդիմության աղբյուրների համաձայն, Թուրքիան և արաբական պետությունները ճնշում են գործադրում երկրի ընդդիմության վրա՝ Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ միավորվելու հարցում՝ միասնական սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու և Սիրիայի ազգային խորհրդի շուրջ համախմբվելու միջոցով:

Նախագահ Օբամայի հետ Սեուլում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետն ասել է, թե «Թուրքիան ու իր գործընկերները չեն կարող Սիրիայում ծավալվող հակամարտության լոկ դիտորդ մնալ և պետք է դիմեն գործողությունների՝ միջազգային իրավունքի շրջանակներում»:

ԱՄՆ-ի նախագահն իր հերթին ասել է, որ ինքն ու Էրդողանը համաձայնության են եկել Սիրիայում օրինական կառավարության ձևավորումը սկսելու անհրաժեշտության շուրջ:

Միացյալ Նահանգները, Թուրքիան և իրենց դաշնակիցները չեն ցանկանում զենք տրամադրել Սիրիայի նախագահ Ասադի դեմ պայքար մղող, սակայն թույլ կազմակերպված ապստամբների ուժերին՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սաստկացման արդյունքում երկրի որոշ շրջաններում կխորանա մարդասիրական ճգնաժամը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի կողմից Սիրիայում խաղաղության հաստատման վերաբերյալ ծրագիրը «քաղաքացիական երկարատև պատերազմի ծավալումից խուսափելու երկրի վերջին հնարավորությունն է»:

Նախագահ Մեդվեդևն ու Քոֆի Անանը Սիրիայի քաղաքական խնդիրները քննարկել են Մոսկվայում, որտեղ կայացած հանդիպման ընթացքում Մեդվեդևը խոստացել է «բոլոր մակարդակներով» օգնության տրամադրել Անանին:

XS
SM
MD
LG