Ռուսաստանը հայտնել է Սիրիայի վերաբերյալ հանձնակատար Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը սատարող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սակայն երեքշաբթի օրը զգուշացրել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է վերաբերվի Անանի խաղաղության ծրագրին որպես առաջարկության և ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ վերջինիս կողմից իրականացվող աշխատանքի համար հիմք ստեղծող, այլ ոչ թե վերջնագիր սահմանող փաստաթղթի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի ավելի ուշ Նյու Յորքում կանցկացնի հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է Ֆրանսիայի կողմից ներկայացված մի փաստաթղթի նախագիծ, որով նախատեսվում է ձեռնարկել «հնարավոր միջոցներ» այն դեպքում, եթե Սիրիայի կառավարությունը չընդունի ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվող ծրագիրը:
Այս ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, թե Սիրիայում ստեղծված իրավիճակը դարձել է «անընդունելի»:
Ելույթ ունենալով Ինդոնեզիայում մի խումբ խաղաղապահների առաջ, Բան Կի-մունը հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միասնություն ցուցաբերել Սիրիայում ծավալված ճգնաժամի լուծման հարցում:
Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը երկուշաբթի օրը բաց նամակ է հղել Սիրիայի ազգային խորհրդին և ընդդիմադիր այլ կազմակերպություններին՝ նշելով, որ ընդդիմության զինված անդամները լուրջ չարաշահումներ են իրականացրել:
Կազմակերպության համաձայն, չարաշահումների շարքում է մարդկանց առևանգումը, կառավարության աջակիցների և կառավարական անվտանգության ուժերի անդամների ազատազրկումն ու տանջանքների ենթարկելը:
«Human Rights Watch»-ը հորդորել է Սիրիայի ընդդիմությանը դատապարտել նման գործողությունները և «արգելել ընդդիմության անդամների կողմից չարաշահումների իրականացումը»: