Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի մայրաքաղաք Դամասկոսի հարուստ թաղամասերից մեկում ապստամբների և կառավարական ուժերի միջև երկուշաբթի օրը տեղի ունեցած ծանր մարտեր արդյունքում «ահաբեկիչներ են ոչնչացվել»:
Պետական հեռուստատեսության փոխանցմամբ, մարտերի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի մեկ զինծառայող:
Ականատեսները հայտնել են, որ Դամասկոսի լավ վերահսկվող ալ-Մեզզե թաղամասում, որտեղ տեղակայված են կառավարական անվտանգության հաստատությունները, լսվել են գնդացիրների կրակոցների և ռեակտիվ նռնակների պայթյունների ձայներ:
Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և հյուսիսային Հալեպ քաղաքի քրիստոնյաներով խիտ բնակեցված թաղամասում կիրակի օրը որոտացել էին պայթյուններ, որոնք դարձել են բազմաթիվ զոհերի պատճառը:
Դամասկոսում որոտացել էր երկու պայթյուն, որոնց պատճառով զոհվել է 27, վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:
Այս պայթյունից րոպեներ առաջ պայթյուն էր որոտացել հյուսիսային Հալեպ քաղաքում գտնվող կառավարական հաստատության շենքի մոտակայքում:
Քրիստոնյաներով խիտ բնակեցված Սուլայմանիե թաղամասում որոտացած պայթյունն իրականացվել էր 200 կիլոգրամ պայթուցիկով բեռնված մեքենայում պայթուցիկ նյութի գործարկման միջոցով:
«Արմենիան Ուիքլի» պարբերականը, վկայակոչելով սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, հաղորդել էր, որ պայթյունը նյութական մեծ վնաս է պատճառել թաղամասում:
Պարբերականի վկայությամբ, թաղամասում բնակվող սիրիահայերից մեկն ասել է, թե պայթյունը Սիրիայի հասարակական կառուցվածքը խաթարելու նպատակ է հետապնդել: