Մատչելի հղումներ

Սիրիայում շարունակվում են բախումները՝ չնայած ՄԱԿ-ի խաղաղության կոչերի


Սիրիայում հինգշաբթի օրը շարունակվել են բախումները Համա քաղաքում և հարավային Դերաա նահանգում:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի կառավարական ուժերի կողմից երեք մարդ է սպանվել նաև Հոմս քաղաքի Քուսեյր շրջանում:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով Սիրիայի անվտանգության ուժերը Քուսեյրում «մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացնելու», այդ թվում՝ բնակելի շրջանների ուղղությամբ հրետանային կրակ բացելու, որի պատճառով շրջանի բնակիչները դիմել են փախուստի, ինչպես նաև փախուստի դիմած բնակիչների վրա հարձակումներ գործելու մեջ:

Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Հոմսում մարդասիրական «ողբալի վիճակ» է ստեղծվել:

Հիշեցնենք, որ այս իրադարձություններից մեկ օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հորդորել է Սիրիայի իշխանություններին կյանքի կոչել ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի կողմից առաջարկված խաղաղության հաստատման ծրագիրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հինգշաբթի օրը անդես գալով Մալայզիայում, ասել է, որ Անվտանգության խորհուրդը «հստակ ուղերձ է հղել Սիրիայի կառավարությանը, որտեղ պահանջվում է դադարեցնել այլախոհների նկատմամբ իրականացվող բռնություններն ու իրականացնել ընդդիմության հետ արյունոտ հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ծրագիրը»:

Միավորված ազգերի գնահատականի համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող բռնությունների զոհ է գնացել առնվազն 8 հազար մարդ:

XS
SM
MD
LG