Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան հրաժարվում է հրթիռ արձակելու ծրագրերը դադարեցնելուց


Միջուկային հարցերով Հյուսիսային Կորեայի հանձնակատարը հայտնել է, որ երկրի կառավարությունը չի դադարեցնելու այս ամսվա ընթացքում հրթիռի ծրագրավորված արձակումը՝ չնայած ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ Գերմանիայում ունեցած երկարատև հանդիպման:

Չինաստանի մայրաքաղաք Գերմանիայից երեքշաբթի օրը ժամանած Հյուսիսային Կորեայի հանձնակատար Ռի Գունի համաձայն, երկու կողմերը «բնականոն և խորը քննարկում են ունեցել»՝ հավելելով սակայն, որ, այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեան ունի հրթիռն արձակելու իրավունք:

«Մենք կօգտագործենք մեր համընդհանուր իրավունքները: Խորհուրդ եմ տալիս արբանյակի արձակմանը չնայել դիմակայության տեսակետից և ընդունել անկողմնակալ և ազնիվ դիրքորոշում՝ արհեստական արբանյակի արձակման խաղաղ նպատակների վերաբերյալ»:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաջորդ ամսվա կեսին նախատեսում են օգտագործել գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներից մեկը՝ հանգուցյալ նախագահ Քիմ Իլ Սունգի 100-ամյա հոբելյանը տոնելու կապակցությամբ տիեզերք հետազոտական արբանյակ հանելու նպատակով: Միացյալ Նահանգներն ու Արևմուտքի այլ պետությունները պնդում են սակայն, որ Փխենյանը նախատեսում է օգտագործել այս հրթիռի արձակումը որպես պատրվակ՝ իր ունեցած բալիստիկ հրթիռների փորձարկման համար: Նման փորձարկումների իրականացումն այս երկրին արգելված է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերով:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մարտի վերջին կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի ընթացքում Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «ապրիլի կեսերին արբանյակ արձակելու Փխենյանի ծրագրերը լուրջ մտահոգություն են առաջացնում»:

«Հորդորում ենք Հյուսիսային Կորեային զերծ մնալ ապակայունացնող բոլոր գործողություններից և ամբողջությամբ կատարել իր պարտականությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և այլ պայմանագրերի համաձայն», - ասել էր Եվրոպական Միության նախագահը:

XS
SM
MD
LG