Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան բանակցություններ են անցկացնում Պեկինում


ԱՄՆ-ի բանագնաց Գլին Դևիս
ԱՄՆ-ի բանագնաց Գլին Դևիս

Չինաստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև վերջինիս միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են անցկացվում:

ԱՄՆ-ի բանագնաց Գլին Դևիսը հայտնել է լրագրողներին, որ հինգշաբթի օրը կողմերին չի հաջողվել ավարտել քննարկումները դրա համար հատկացված ժամանակում: Բանակցող կողմերը պայմանավորվել են անցկացնել համատեղ ճաշկերույթ և շարունակել բանակցությունները ուրբաթ օրը:

«Հյուսիսային Կորեայի խմբի հետ բանակցությունների ընթացքում փոքր-ինչ խախտվել է հատկացված ժամանակը: Բանն այն է, որ Հյուսիսային Կորեայի կողմը չի ավարտել իր խոսքը, և մենք նախատեսում ենք վաղը շարունակել բանակցություններն այն կետից, որտեղ դրանք ավարտվել են այսօր: Հյուսիսային Կորեայի խմբի հետ ճաշկերույթի ընթացքում հնարավոր կլինի քննարկել նաև հաջորդ օրվա բանակցությունների շուրջ որոշ մանրամասներ», - հայտնել է Դևիսը:

Դևիսի համաձայն, բանագնացների խմբին հաջողվել է քննարկել «մի շարք խնդիրներ», սակայն նա հրաժարվել է բանակցությունների ընթացքում քննարկվող վիճահարույց կետերի, ներառյալ միջուկային նյութի հարստացման շուրջ մանրամասներ ներկայացնելուց:

Բանակցությունների այս փուլը երկու պետությունների ներկայացուցիչների միջև հուլիս ամսից անցկացվող հանդիպումների արդեն երրորդ փուլն է, որը, սակայն առաջին անգամ է անցկացվում Հյուսիսային Կորեայի նոր ղեկավար Կիմ Ջոնգ Ունի իշխանության գլուխ կանգնելուց հետո:

ԱՄՆ-ի բանագնաց Դևիսն այս շաբաթվա սկզբին դրական է գնահատել երկխոսությունը վերահսկելու Փխենյանի պատրաստակամությունը՝ ասելով, թե «ինքը պատրաստ է տեսնելու, արդյոք երկրի ղեկավարի փոփոխությունն ազդեցություն է գործել Հյուսիսային Կորեայի դիրքորոշման վրա»:

XS
SM
MD
LG