ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ամերիկյան «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության եթերում կիրակի օրը հեռարձակված «Face the Nation», թարգմանաբար՝ «Դեմ առ դեմ ժողովրդի հետ» հեռուստահաղորդման ընթացքում քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնիի կողմից Ռուսաստանի վերաբերյալ արված հայտարարությունը:
Բայդենն ասել է, որ Ռոմնին իրեն պահում է այնպես, թե «Սառը պատերազմը» դեռ շարունակվում է՝ հավելելով, որ «չգիտի, թե այս ամբողջ ժամանակ որտեղ էր նա»:
«Այժմ 1956 թվականը չէ», - ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը՝ հավելելով. «Սա ապացուցում է նրան, թե որքան քիչ է տեղյակ Ռոմնին արտաքին քաղաքականությունից»:
Մի քանի օր առաջ Միթ Ռոմնին, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև առանձնազրույցի ընթացքում միացրած մնացած խոսափողի հետ կապված միջադեպը, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «Ռուսաստանը մնում է մեր թիվ մեկ թշնամին»:
Իր խոսքում ԱՄՆ-ի փոխնախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանում գտնվող զինծառայողներին անհրաժեշտ ապրանքներ առաքելու հարցում, և կարող է ավելացնել նավթի մատակարարումը Եվրոպա՝ Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի մատակարարման ծավալների կտրուկ անկման դեպքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև Սեուլում անցկացված գագաթաժողովի ընթացքում ունեցած առանձնազրույցի ժամանակ պատահաբար միացրած մնացած խոսափողում լսվել էր Մեդվեդևին ուղղված Օբամայի խոսքը, որտեղ ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե այս տարի կայանալու են նախագահական իր վերջին ընտրությունները, և «ընտրվելուց հետո ինքն ավելի մեծ ճկունություն կունենա», որին ի պատասխան Մեդվեդևը խոստացել է «այս բառերը փոխանցել Վլադիմիրին»:
Օբամայի կողմից արված այս մեկնաբանությունները հրապարակվել են մամուլում՝ խիստ քննադատության ենթարկվելով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածության հավակնորդների կողմից:
«Սի-Բի-Էս» հեռուստաընկերության եթերում կիրակի օրը հեռարձակված հեռուստահաղորդման ընթացքում Բայդենը նշել է նաև, որ Օբաման «պարզապես ձևակերպել է այն, ինչ առանց այն էլ ակնհայտ է», քանի որ մինչև նոյեմբեր ամսին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները միջուկային զինանոցի կրճատման շուրջ հարցերով ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ աշխատանքը «շատ բարդ է լինելու»: