ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուներից մեկը՝ Նյութ Գինգրիչը տեղեկացրել է իր աջակիցներին նախընտրական պայքարից դուրս գալու մասին` այս որոշմամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալուց մեկ օր առաջ:
Գինգրիչը երեքշաբթի օրն այս հայտարարությամբ տեսանյութ է հրապարակել իր կայքում՝ շնորհակալություն հայտնելով ընտրարշավի համար նվիրատվություն կատարած գրեթե 180 հազար կողմնակիցներին և նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու նշանակվելու ընտրապայքարում իր թեկնածությանը ձայները տված մոտ 2,5 միլիոն մարդկանց:
Առանց նշելու հանրապետական ամենահավանական թեկնածու Միթ Ռոմնիի անունը, Գինգրիչն ասել է, որ երկրում դեռ շարունակվում է «սարսափելի ճգնաժամը», և որ ԱՄՆ-ի նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի վերընտրվելը «իրական աղետ» կդառնա:
Նախընտրական արշավի ընթացքում Նյութ Գինգրիչը հաղթանակ է տարել երկու նահանգներում անցկացված նախնական ընտրություններում՝ իր հարազատ Ջորջիա նահանգում և հարևան Հարավային Կարոլինայում: Հասարակական կարծիքի հարցումների արդյունքները վկայում էին այն մասին, որ նա զգալիորեն հետ էր մնում Ռոմնիից և Ռիք Սանտորումից՝ առաջ անցնելով միայն ազատական թեկնածու Ռոն Փոլից:
Գինգրիչի խոսնակն անցյալ շաբաթ հուշել էր, որ թեկնածուն կարող է դուրս գա ընտրապայքարից այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին Միթ Ռոմնին հաղթանակ է տարել այդ օրը նախնական ընտրություններ անցկացնող բոլոր նահանգներում:
Հիշեցնենք, որ Ռիք Սանտորումն անցյալ ամիս է հանել իր թեկնածությունը: Ռոն Փոլը դեռևս չի հանձնվել, սակայն ինքը չունի հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու նշանակվելու համար պատվիրակների ձայների անհրաժեշտ թիվը ստանալու որևէ հնարավորություն: