Մատչելի հղումներ

Ռոմնին հաղթանակ է տարել ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Մերիլենդ և Վիսկոնսին նահանգներում


Հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածու ընտրվելու համար պայքար մղող Միթ Ռոմինին հաղթանակ է տարել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաև Մերիլենդ և Վիսկոնսին նահանգներում երեքշաբթի անցկացված հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում:

Այս հաղթանակները Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Ռոմինիին թույլ են տվել ավելացնել պատվիրակների իր ունեցած ձայները՝ ևս մեկ քայլով առաջ մղելով նրան դեպի ԱՄՆ-ում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու նպատակը:

Ռոմնին արդեն ստացել է հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակի գրեթե կեսը: Նրան սատարելու մասին հայտնել են նաև հանրապետական կուսակցության ճանաչված գործիչները, մասնավորապես՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը:

Ռոմնիի հանրապետական մրցակիցներ Ռիք Սանտորումը, Նյութ Գինգրիչն ու Ռոն Փոլը սակայն չեն հայտնել ընտրապայքարից դուրս գալու մտադրության մասին:

Փենսիլվանիա նահանգի կողմից ընտրված նախկին սենատոր Սանտարումը հույս ունի հաղթանակ տանելու ապրիլին այս նահանգում կայանալիք նախնական ընտրությունների ժամանակ, ինչը չափազանց անհրաժեշտ է իր ընտրապայքարին նոր թափ հաղորդելու համար:

Հանդես գալով երեքշաբթի օրը Փենսիլվանիայի ընտրողների առջև՝ Սանտորումն ասել է, թե հանրապետական ընտրապայքարը «դեռևս գտնվում է ճանապարհի կեսին», և ընտրապայքարի երկրորդ կեսի ընթացքում ինքը կկարողանա առաջխաղացում գրանցել:

Այս ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն ակնկալում է, որ նոյեմբեր ամսին կայանալիք ընտրությունների ընթացքում իրեն մրցակից կդառնա Միթ Ռոմնին:

ԱՄՆ-ի նախագահը, երեքշաբթի օրը հանդես գալով լրատվամիջոցների գործադիր ղեկավարների առջև, իր ուղերձում քննադատության է ենթարկել Ռոմնիին, որը սատարել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացրած 3,5 տրիլիոն դոլար կազմող բյուջեի նախագիծը:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմինիին քննադատող ուղերձներով են հանդես եկել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ու արտգործնախարար Հիլարի Քլինթընը: Բացի այդ, շրջանառության մեջ է դրվել հանրապետականների նախընտրական պայքարի առաջատարին քննադատող գովազդ:

XS
SM
MD
LG