ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Միթ Ռոմնին համոզիչ հաղթանակ է տարել երկրի ևս երեք նահանգում անցկացված նախնական ընտրություններում:
Ինդիանա, Հյուսիսային Կարոլինա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում երեքշաբթի օրը տարած հաղթանակներից հետո Ռոմնիին ձայն են արդեն տվել ավելի քան 900 պատվիրակ: Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետին անհրաժեշտ է հավաքել 1144 պատվիրակի ձայն՝ ապահովելու հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մրցակից դառնալու նշանակումը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուներից մեկը՝ Նյութ Գինգրիչը դուրս է եկել ընտրապայքարից:
Ընտրապայքարից դուրս գալու հաղորդագրության մեջ, առանց նշելու հանրապետական ամենահավանական թեկնածու Միթ Ռոմնիի անունը, Գինգրիչն ասել է, որ երկրում դեռ շարունակվում է «սարսափելի ճգնաժամը», և որ ԱՄՆ-ի նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի վերընտրվելը «իրական աղետ» կդառնա:
Նախընտրական արշավի ընթացքում Նյութ Գինգրիչը հաղթանակ է տարել երկու նահանգներում անցկացված նախնական ընտրություններում՝ իր հարազատ Ջորջիա նահանգում և հարևան Հարավային Կարոլինայում: Հասարակական կարծիքի հարցումների արդյունքները վկայում էին այն մասին, որ նա զգալիորեն հետ էր մնում Ռոմնիից և Ռիք Սանտորումից՝ առաջ անցնելով միայն ազատական թեկնածու Ռոն Փոլից:
Ռիք Սանտորումն հանել իր թեկնածությունն ապրիլ ամսին: Ռոն Փոլը դեռևս չի հանձնվել, սակայն ինքը չունի հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու նշանակվելու համար պատվիրակների ձայների անհրաժեշտ թիվը ստանալու որևէ հնարավորություն: