ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ նախատեսում է հանդես գալ իր ամենահավանական մրցակցի՝ հանրապետական Միթ Ռոմնիի դեմ ուղղված ընտրապայքարի մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությամբ:
Նախագահ Օբամայի ընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ նախագահն ու ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման մայիսի 5-ին Օհայո և Վիրջինիա նահանգներում կայանալիք հանդիպումների ընթացքում պաշտոնապես կհայտարարեն ընտրարշավի մեկնարկի մասին:
ԱՄՆ-ի նախագահն ըստ էության արդեն մի քանի ամիս վարում է վերընտրվելու նպատակ հետապնդող իր ընտրապայքարը՝ կանոնավոր կերպով շրջագայություններ կատարելով երկրում, պարզաբանելով իր կողմից վարվող քաղաքականությունն ու միաժամանակ այցելելով արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլար կուտակած իր նախընտրական հիմնադրամ միջոցների հավաքմանn ուղղված միջոցառումները:
Նախագահ Օբամայի ընտրական շտաբն իր ուշադրությունն է կենտրոնացրել Օհայո և Վիրջինիա նահանգների վրա, որտեղ 2008 թվականին նա հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Ջոն Մըքքեյնի նկատմամբ:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը սակայն հերքել է լրատվամիջոցների և հանրապետականների կողմից հնչեցված մեղադրանքները, որոնց համաձայն ԱՄՆ-ում շրջագայությունների ընթացքում իր քաղաքականության պարզաբանումները ներկայացնող և միաժամանակ ընտրական հիմնադրամ միջոցներ հավաքելու աշխատանքն իրականացնող նախագահն ընտրապայքարը վարում է հարկատուների միջոցների հաշվին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նախագահի շրջագայությունները «նախագահի պաշտոնին ոչ վայել քաղաքական հնարքներ» է որակել:
Սպիտակ տան խոսնակ Ջե Քերնին սակայն «նախագահի շրջագայությունները քաղաքականացնելու փորձեր» է անվանել այս մեղադրանքները՝ ասելով, որ «նման մեղադրանքներ ներկայացնում են նրանք, ովքեր գիտեն, որ մենք մանրակրկիտ հետևում ենք նախընտրական և պաշտոնական շրջագայությունների կատարման կանոնները»:
Քերնիի համաձայն, նախագահ Օբաման հետևում է նույն կանոններին, որոնց հետևել են ԱՄՆ-ի նախկին նախագահները: