Իրանի պետական հեռուստատեսությամբ ելույթ ունենալու ժամանակ նախկինում քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կինը ժխտում է, որ մտրակով հարվածներ է ստացել կամ բանտում ենթարկվել խոշտանգումների:
Իրանի պետական հեռուստատեսությամբ Սաքինեհ Մոհամադի Աշթիանին չորեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի իշխանությունների կողմից իրեն մտրակով պատիժ իրականացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Բավականին վատ որակի տեսահոլովակում նա ասել է, որ իրեն ոչ ոք նկարահանվել չի ստիպել և այդ հայտարարությունն իր իսկ խոսքերն են:
Օգոստոս ամսին բրիտանական թերթերից մեկում հայտնվել էր առանց գլխաշորի մի կնոջ նկար, որը սխալմամբ նույնացվել է Աշթիանիի հետ, ինչից հետո նա իբր պատժվել է` ստանալով մտրակի 99 հարված: Իրանի օրենքների համաձայն, բոլոր կանայք, անկախ կրոնական պատկանելիությունից, պետք է ծածկեն իրենց մազերը:
Երկու երեխայի մայր 43-ամյա այս կինը 2006 թվականի մայիսին մեղադրվել է իր ամուսնու մահվանից հետո երկու տղամարդու հետ «անօրինական հարաբերությունների մեջ» լինելու համար: Ավելի ուշ նա մեղադրվել է ամուսնական հավատարմությունը խախտելու մեջ և դատապարտվել քարկոծման միջոցով մահապատժի:
Աշթիանին հերքում է այդ մեղադրանքները: