Մատչելի հղումներ

Ռուսաստանյան դատարանի կողմից Գերշկովիչը մեղավոր է ճաչավել «լրտեսության համար» և դատապարտվել 16 տարվա ազատազրկման


The Wall Street Journal-ի թղթակից՝ Գերշկովիչը
The Wall Street Journal-ի թղթակից՝ Գերշկովիչը

Ռուսաստանյան դատարանն ուրբաթ մեղավոր է ճանաչել ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին «լրտեսության համար» և դատապարտել 16 տարվա ազատազրկման, ինչը, շատերի բնութագրմամբ, Կրեմլի պատվերն էր։

Meduza պարբերականը մանրամասնել է՝ դատարանը վճիռն արձակել է տեղական՝ Եկատերինբուրգի ժամանակով երեկոյան 5-ի կողմերը։

Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ի թղթակից՝ Գերշկովիչը 2023 թվականի մարտից Ռուսաստանում բանտարկված է լրտեսության մեղադրանքով, ինչը հերքում են լրագրողը, ամերիկյան պարբերականը և ԱՄՆ կառավարությունը, թե Էվանը եղել է ամերիկյան հետախույզ:

The Wall Street Journal-ը հանդես է եկել դատավճիռը դատապարտող հայտարարությամբ:

«Նման խայտառակ, կեղծ [փաստերի հիման] վրա դատավճիռն արձակվում է Էվանի 478 օր անօրինական կերպով կալանավորված մնալուց հետո։ Նա զրկված է եղել իր ընտանիքի ու ընկերների հետ շփումից, [նրան] թույլ չի տրվել թղթակցել՝ լրագրողի իր աշխատանքը կատարելու համար։ Կշարունակենք անել հնարավոր՝ Էվանին ազատ արձակելու և նրա ընտանիքին աջակցելու համար: Լրագրությունը հանցագործություն չէ, և մենք կանգ չենք առնի, քանի դեռ նա ազատության մեջ չէ: Սրան պետք է վերջ տալ հիմա»,- ասված է պարբերականի սեփականտեր ընկերության տնօրեն Ալմար Լատուրի և գլխավոր խմբագիր Էմմա Թաքերի համատեղ հայտարարությունում։

Ռուսաստանյան դատարանի հաղորդագրության համաձայն, Գերշկովիչը «մեղքը չի ընդունել», սակայն «դատարան ներկայացված ապացույցների ամբողջությունը բավարար է մեղադրական դատավճիռ կայացնելու համար»։ Դատարանը նաև հայտնել է, որ Գերշկովիչը 15 օր ունի դատավճիռը բողոքարկելու համար։

Վիեննայի Մամուլի միջազգային ինստիտուտում Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությամբ զբաղվող Կարոլ Լուչկան «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում զարմացած չէր նման դատավճռից․ «Նման պատիժը ցույց է տալիս, թե Ռուսաստանի իշխանությունները ինչպես են ցանկանում այս գործն օգտագործել որպես սակարկության առարկա: Նաև այն ցույց է տալիս Ռուսաստանի իշխանությունների կողմից անկախ լրագրության նկատմամբ հարգանքի իսպառ բացակայությունը»:

Հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը, թե 32-ամյա Գերշկովիչը կալանավորվել է անօրինական կերպով, ինչը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը հասնել նրա ազատ արձակմանը։

«Ի սկզբանե պարզ էր, որ Էվանը ոչ մի սխալ բան չի արել և չպետք է կալանավորվեր։ Մինչ օրս Ռուսաստանը [Էվանի] հանցագործության մասին որևէ ապացույց չի ներկայացրել և չի կարողացել հիմնավորել Էվանի շարունակական կալանքը: Էվանին չպետք է կալանավորեին»,- հինգշաբթի լրագրողներին ասել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։

Գերշկովիչի դատավարությունը սկսվել էր հունիսի 26-ին Եկատերինբուրգում, որտեղ ի սկզբանե կալանավորվել էր լրագրողը։

Խոսքի ազատության իրավունքի պաշտպաններն ու The Wall Street Journal-ը շարունակաբար դատապարտել են Գերշկովիչի դատավարությունը՝ այն որակելով հետապնդում լրագրողի նկատմամբ:

«Անշուշտ, գործ ունենք կեղծ դատավարության, արդարադատության նմանակման հետ: Նրան առաջադրված մեղադրանքները կեղծ են, չհիմնավորված։ Դիմակահանդես է»,- «Ամերիկայի ձայնին» ասել է The Committee to Protect Journalists-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սայիդը:

«Հապճեպ դատավարություն»

Ընդգծենք՝ Էվան Գերշկովիչի դատավարությունը տեղի է ունեցել գաղտնի, փակ դռների հետևում, ինչը սովորական գործելակերպ է Ռուսաստանում, երբ գործը վերաբերում է
«պետական դավաճանությանը» կամ «լրտեսությանը»։

Գերշկովիչի դատավարությունը, փաստորեն, ավարտվեց սպասվածից ավելի շուտ, քանի որ ռուսաստանյան փորձը հուշում էր, թե դատավարությունը կտևի մի քանի ամիս:

Երկրորդ նիստն ի սկզբանե նշանակված էր օգոստոսի 13-ին, սակայն դատարանը այն տեղափոխեց հուլիսի 18-ին, իսկ հաջորդ օրը՝ ուրբաթ դատարանը լսեց եզրափակիչ ելույթները:

Ռուսական իշխանությունները Գերշկովիչին մեղադրում են ԱՄՆ հետախուզական ծառայության համար ռուսական տանկեր արտադրողի մասին «գաղտնի տեղեկություններ հավաքելու» մեջ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կրկնել է Մոսկվայի բազմիցս հնչեցրած պնդումները Գերշկովիչի մասին, թե իբր առկա են նրա մեղքը ապացուցող «անհերքելի ապացույցներ», սակայն Ռուսաստանի իրավապահները ցայսօր չեն հրապարակել լրագրողի դեմ ներկայացված մեղադրանքը հաստատող որևէ ապացույց։

Լավրովը նաև հավելել է, թե Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են այդ թվում Գերշկովիչի փոխանակման հարցը՝ ի շարս այլ մարդկանց: Գաղտնիք չէ, որ երկու երկրները ամիսներ շարունակ բանակցում են նման՝ հնարավոր փոխանակման շուրջ, սակայն Կրեմլը պնդում էր, թե Գերշկովիչի պարագայում առաջին հերթին պետք է կայացվի դատավճիռը:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը դեռ անպատասխան է թողել նշվածի վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հարցումը:

Էվան Գերշկովիչը ամերիկացի երկու լրագրողներից մեկն է, որոնք ներկայում անազատության մեջ են Ռուսաստանում։ Մյուսը՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան է, որը ինն ամիս ճաղերի հետևում է՝ որպես «օտարերկրյա գործակալ» Ռուսաստանում չգրանցվելու և ռուսական բանակի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով:

Կուրմաշևան ու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն անհիմն են որակել մեղադրանքները։ ԱՄՆ կառավարությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրողին:

«Էվան Գերշկովիչն ու Ալսու Կուրմաշևան չպետք է բանտարկվեին։ Շարունակում ենք պահանջել անհապաղ ազատ արձակել Էվանին ու Ալսուին»,- ասել է Լուչկան։

XS
SM
MD
LG