ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու ընտրվելուց հետո առաջին անգամ կուսակցական համագումարում հանդես է եկել Օհայոյից ընտրված սենատոր Ջեյ Դի Վենսը։
«Դադարեցրել ենք օտար աշխատուժի ներհոսքը։ Պայքարելու ենք Ամերիկայի քաղաքացիների, նրանց լավ աշխատանքի ու լավ աշխատավարձի համար»,- հայտարարել է սենատոր Վենսը:
Անգամ Միացյալ Նահանգների լայն հանրությանը Ջեյ Դի Վենսը համեմատաբար անհայտ է։ Ինչպես հայտնի է, նա ավարտել է Յեյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մինչ այդ վեց տարի ծառայել է ԱՄՆ բանակում, իսկ սենատորի պաշտոնին է մոտ մեկուկես տարի: Համագումարի ժամանակ նրան ներկայացրել է կինը՝ Ուշա Վենսը։
«[Նա] ընտրվել է՝ օգնելու մեր երկիրը առաջնորդել [ԱՄՆ առջև ծառացած] ամենամեծ մարտահրավերներից մի քանիսի [ժամանակ]: Շնորհակալ եմ բոլորիդ՝ նրան ցուցաբերած վստահության համար»,- ասել է Ուշա Վենսը։
Չորեքշաբթի երեկոյան յուրատեսակ հնարավորություն էր 39-ամյա սենատոր Վենսի համար ոչ միայն ներկայանալ ամերիկյան լայն հանրությանը, այլև խոսել իր արտաքին քաղաքական պատկերացումներից:
«Միասին համոզվելու ենք, որ մեր դաշնակիցները կիսում են համաշխարհային խաղաղության ապահովման բեռը։ Այլևս ոչ մի անվճար զբոսանք [չի լինի] այն ազգերի համար, որոնք դավաճանում են ամերիկացի հարկատուների առատաձեռնությանը»,- ասել է Ջեյ Դի Վենսը:
Կուսակցական պատվիրակների խոսքով, իրենց չի անհանգստացնում Վենսի մոտ փորձի պակասը կամ Թրամփի հասցեին նախկինում նրա հնչեցրած քննադատությունը։
«Իրոք, այն, ում ընտրում ենք այստեղ, [երկրի] պոտենցիալ ղեկավարությունն է, և ունի առաջնորդելու ապացուցված [կարողություն]։ Նա մեր նման հին հանածո չէ»,- ասել է Տեխասից ընտրված հանրապետական պատվիրակ Ուոլթեր Գուդուոթերը։
«Ինձ դուր է գալիս, որ նա երիտասարդ է և նրան կարելի է ձևավորել [որպես գործիչ]։ Նա ընդունում է «Առաջին հերթին Ամերիկան» [մոտեցումը], ինչը ես նույնպես գնահատում եմ: Կարծում եմ, Թրամփի խնամակալության ներքո նա կարող է բավականին հեռուն գնալ»,- ասել է Իլինոյսից ընտրված հանրապետական պատվիրակ Լորի Շեֆերը:
Խոսել է նաև Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, և դարձյալ՝ «Դարձնենք Ամերիկան կրկին ուժեղ» մոտեցման ներքո։
«Սա ընտրություն է այն մարդկանց միջև, ովքեր հպարտանում են Ամերիկայով և այն մարդկանց, ովքեր ամաչում են Ամերիկայից։ Ի վերջո, սա ընտրություն է վերջին Ամերիկայի և առաջին Ամերիկայի միջև»,- ասել է Դոնալդ Թրամփ-կրտսերը:
Հանրապետականների համագումարը ավարտվելու է հինգշաբթի երեկոյան՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթով, որը, փաստորեն, կլինի նրա առաջին հրապարակային ելույթը իր դեմ մահափորձից հետո: