Մատչելի հղումներ

Սևամորթ ընտրողների առաջ ելույթում Բայդենը Թրամփի նկատմամբ մահափորձը կապել է հրազենի կիրառմամբ բռնությունների հետ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես եկավ իր աջակիցների առջև՝ ելույթ ունենալով Նևադա նահանգում, իրեն սատարող սևամորթ ամերիկացիների հավաքին։ Բայդենը Թրամփի դեմ հարձակումը կապել է ռասայական և հրազենի կիրառմամբ բռնության հետ՝ կոչ անելով ամերիկացիներին «դատապարտել բռնությունը»:

Թե իր մրցակցի դեմ մահափորձից հետո ինչ մոտեցում պետք է որդեգրել, թերևս, այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առջև ծառացած գլխավոր հարցն է։

«Բոլորս պարտավոր ենք իջեցնել [քաղաքական պայքարի] ջերմաստիճանը և դատապարտել բռնությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Երեքշաբթի ելույթ ունենալով Նևադա նահանգում՝ Լաս Վեգասի սևամորթ ընտրողների առջև, Բայդենը անցած շաբաթ օրը Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կապեց աֆրոամերիկացիների նկատմամբ կիրառված բռնությունների հետ, այդ թվում խոսելով Ջորջ Ֆլոյդի հայտնի դեպքի մասին, որը սպանվել է սպիտակամորթ ոստիկանի ձեռքով 2020 թվականին։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով հրազենի կիրառմամբ հանցագործություններին՝ ԱՄՆ նախագահը կոչ է արել վերստին գործի դնել հարձակողական զենքերը ԱՄՆ-ում վաճառելու արգելքը, որի ժամկետը լրացել է հեռավոր 2004 թվականին։

«Դոնալդ Թրամփին ուղղված կրակոցների ժամանակ օգտագործվել է AR-15 գնդացիր։ Դա նույն զենքն է, որ սպանել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ երեխաների: Ժամանակն է [դրա վաճառքը] օրենքից դուրս հայտարարել: Դա մեկ անգամ արել եմ, էլի կանեմ»,- հայտարարել է Բայդենը։

Հայտնի է, որ մահափորձի հետևանքով Թրամփը թեթև է վիրավորվել։ Նախկին նախագահը երեքշաբթի Միլուոկիում՝ հանրապետականների համերկրային համագումարի ժամանակ բուռն ընդունելության արժանացավ կուսակիցների կողմից:

Գաղտնիք չէ, որ Թրամփի հետ անհաջող հեռուստաբանավեճից և հանրապետականների թեկնածուի դեմ մահափորձից հետո, Բայդենի համար նախընտրական իրավիճակը բարդացել է:

«Պետք է փարատեք մտահոգությունները՝ կապված ձեր ունակությունների հետ: Առանձնանաք հանրապետական ընդդիմությունից, որը վերելք է ապրում։ Եվ պետք է միասնության ու քաղաքական բռնությունը մերժելու կոչ անեք: Այս երեք բաները միաժամանակ անելը չափազանց դժվար է որևէ մեկի համար»,- ասել է Չիկագոյի համալսարանի ներկայացուցիչ Ուիլյամ Հովելը:

Ներկայում Բայդենի վարկանիշը զիջում է Թրամփի թվերին թե՛ համերկրային մակարդակով, թե՛ տատանվող նահանգներում, այդ թվում՝ Նևադայում: Նպատակ ունենալով շահել սևամորթների աջակցությունը՝ Բայդենը ձգտում է ցույց տալ իր ու Թրամփի քաղաքականությունների տարբերությունը՝ ծաղրելով «սև աշխատատեղեր» տերմինը, որը հաճախ է օգտագործում Թրամփը։

«Ժողովուրդ, գիտեմ, թե ինչ է սևերի համար աշխատատեղը․ Միացյալ Նահանգների փոխնախագահի [պաշտոնն է]»,- ասել է Բայդենը:

Բայդենը կրկին կոչ է արել ամերիկացիներին վերաբերվել միմյանց ոչ որպես թշնամիների։ Իր դեմ մահափորձից հետո Թրամփը նույնպես միասնության կոչ է արել։ Ու թեև երկուստեք նկատվող նման հռետորաբանությանը, շատ դիտորդներ այն խիստ ժամանակավոր են համարում, քանզի առջևում դեռ թեժ քարոզարշավն է:

XS
SM
MD
LG