Մատչելի հղումներ

Ո՞ւմ է սպառնում «բելառուսա-չինական արծիվը»


«բելառուսա-չինական արծիվը»
«բելառուսա-չինական արծիվը»

Ռուսաստանի երկու դաշնակիցների համատեղ զորավարժությունները առանձնապես տագնապ չեն հարուցում Բելառուսի հարևանների շրջանում, սակայն հայտնվել են տարածաշրջանային ուշադրության կենտրոնում:

Հուլիսի 8-ից 19-ը Բելառուսի զինված ուժերն ու Չինաստանի բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում բելառուսական Բրեստ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ բելառուսա-լեհական սահմանին։ Լեհաստանի մայրաքաղաքը այդտեղից մոտ 210 կիլոմետրի վրա է, իսկ հեռավորությունը մինչև Ուկրաինայի սահման՝ մոտ 65 կիլոմետր է։

«Հարձակվող արծիվ» զորավարժությունները անվանել են «հակաահաբեկչական»։ Բելառուսի պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ վարժանքների ընթացքում «երկու երկրների զինծառայողները կվերապատրաստվեն՝ գիշերով գործելու, ջրային խոչընդոտները հաղթահարելու, բնակեցված վայրերում մարտեր վարելու համար, և որ երկու կողմերի զինծառայողները «հանդես կգան որպես համատեղ ստորաբաժանում»։

Չինաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ զորավարժությունները կներառեն «պատանդների ազատման գործողություններ և հակաահաբեկչական առաքելություններ»։ Եվ որ «զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից զորքերի պատրաստվածության մակարդակը և համակարգման հնարավորությունները, ինչպես նաև խորացնել համագործակցությունը երկու երկրների բանակների միջև»։

Կրեմլի մերձավոր դաշնակիցների համատեղ զորավարժությունները մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպությանը Բելառուսի պաշտոնապես անդամակցելուց մի քանի օր հետո և Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին։

Իր հերթին, ինչպես հուլիսի 10-ին հայտարարել է լեհական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան, Լեհաստանը պետք է նախապատրաստի իր զորքերը՝ ելնելով լայնամասշտաբ հակամարտության սպառնալիքից՝ անդրադառնալով Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին զորքերի թվի ավելացմանը։

«Այսօր մենք պետք է պատրաստենք մեր ուժերը լայնամասշտաբ հակամարտության, այլ ոչ թե ասիմետրիկ տիպի հակամարտության»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ելույթ ունենալով նույն միջոցառմանը՝ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան նշել է, որ օգոստոսից Լեհաստանի արևելյան սահմանը հսկող զորքերի թիվը ներկայիս 6 հազարից կհասնի 8 հազարի, իսկ լրացուցիչ 9 հազարանոց թիկունքային պահազորը կարող է գործի դրվել 48 ժամվա ընթացքում։

Մայիսին Լեհաստանը հայտարարեց 10 միլիարդ զլոտի (2,5 միլիարդ դոլար) արժողությամբ «Արևելյան վահան» ծրագրի մասին՝ ուղղված Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական կառույցների ամրապնդմանը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը։

Բելառուսի և Լեհաստանի սահմանը լարվածության օջախ է դարձել դեռ 2021 թվականից՝ միգրանտների մեծ հոսքի պատճառով, երբ Բելառուսը զբոսաշրջային գործակալություններ բացեց Մերձավոր Արևելքում, որոնք առաջարկում էին նոր ոչ պաշտոնական երթուղի դեպի Եվրոպա։ Այդ քայլը, ինչպես նշում են Եվրամիությունում, իրականացվել է ճգնաժամ հրահրելու նպատակով։

«Բելառուսի համար [Չինաստանի հետ համագործակցությունը] պահեստային տարբերակ է, որպեսզի լիովին կախված չլինի Կրեմլից»

Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Իվան Ստուպակը կարծում է, որ չին-բելառուսական զորավարժությունների հիմնական պատճառը կարող էր լինել Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական խնդրանքը Սի Ծինփինին «իր զորքերը մարզելու» համար։

«Լուկաշենկոյի բանակը մարտական առումով անփորձ է։ Նախորդ անգամ, երբ բելառուս զինվորականները որևէ մասնակցություն են ունեցել մարտական գործողությունների, աֆղանական արկածախնդրություն էր, այն էլ՝ այսպիսի պնդում կարելի է մեծ վերապահումով անել։ Իսկ իրականում նախորդ մարտական գործողությունները, որոնց մասնակցել են բելառուսները, Երկրորդ աշխարհամարտն էր»,- «Ամերիկայի ձայնին» ասել է փորձագետը։

Իվան Ստուպակի կարծիքով, Բելառուսի բռնապետը ցանկանում է իր երկրի բանակը համեմատել Չինաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի հետ։ Հենց բելառուսական բանակի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու ձգտումով էր թելադրված Լուկաշենկոյի ցանկությունը Բելառուս հրավիրել «Վագներ» զինված խմբավորման անդամներին։

«Բայց դա էլ չստացվեց։ Այնտեղ մնացել էին ընդամենը երկու հազար վագներականներ, իսկ հիմա ընդհանրապես հայտնի չէ, թե քանիսն են։ Նա տեսնում է, որ Լեհաստանը 15 միլիարդ եվրոյի սպառազինություն է տեղակայել, ուկրաինական բանակը լավ պատրաստված է, ռուսական բանակը՝ նույնպես։ Իսկ իր բանակը միակն է, որ վերապատրաստված չէ։ Նայեք բելառուսական հատուկ ջոկատայինների վարժանքներին։ Ինչո՞վ են նրանք զբաղված։ Գլխով աղյուսներ են կոտրում, ցատկում են այրվող օղակների միջով, ատամներով գրասեղան են պահում, կարծես ուզում են ասել՝ «ով գրասեղանով մեզ մոտ գա, գրասեղանից էլ կզոհվի»։ Բայց այս ամենը լուրջ չէ, դա 15 տարի առաջ էլ ծիծաղելի էր»,- ասել է ուկրաինացի փորձագետը։

Իվան Ստուպակը չի բացառում, որ Լուկաշենկոն կարող է դիմել Չինաստանին՝ Բելառուսի տարածքում ռազմաբազա տեղակայելու խնդրանքով։

Բացի այդ, Չինաստանի համար բելառուսա-լեհական սահմանին զորավարժությունների անցկացումը նաև իմիջային նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ Պեկինից Բրեստ ուղիղ գծով հեռավորությունը գերազանցում է 7 հազար կիլոմետրը։ Այսպիսով, Չինաստանի ղեկավարությունը կարող է աշխարհին ցույց տալ իր ազդեցության ծավալը արևմտյան ուղղությամբ։

«Մոտակայքում են և Բալթիկ ծովը, և ՆԱՏՕ-ն։ Կարելի է Հյուսիսատլանտյան դաշինքի նյարդերի հետ խաղալ՝ ուղղակիորեն դա ցույց չտալով և ձևացնելով, որ այստեղ ներկայության հիմնական նպատակը ռազմական վարժանքներն են։ Հետո կարող են հաջորդել լիարժեք զորավարժությունները, մանևրները։ Իսկ Բելառուսի համար դա պահեստային տարբերակ է, որպեսզի լիովին կախված չլինի Կրեմլից։ Գիտենք, որ 2023 թվականի տվյալներով՝ բելառուսական տնտեսությունը գրեթե 70%-ով կախված է Ռուսաստանից։ Ուստի, Լուկաշենկոյի համար կարևոր է ցույց տալ, որ Պուտինից բացի, իր մոտ են գալիս նաև այլ «մեծ մարդիկ», և որ նա միջազգային մեկուսացման մեջ չէ»,- ամփոփել է Ստուպակը։

«Լեհաստանի և Ուկրաինայի տեսանկյունից՝ չինացիները պարզապես ցույց են տալիս իրենց դրոշը»

Անվտանգության հարցերով փորձագետ, Իսրայելի ոստիկանության նախկին սպա, The Peacemaker տելեգրամյան ալիքի հեղինակ Սերգեյ Միգդալը բելառուսա-չինական զորավարժությունների գլխավոր նպատակ համարում է PR-ը։

«Հասկանալի է, որ Լուկաշենկոն ցանկանում է ցույց տալ, որ մեկուսացված չէ և դաշնակիցներ ունի։ Երկրորդ, Լուկաշենկոն, հավանաբար, կարծում է, որ կնյարդայնացնի ամերիկացիներին ու Եվրամիությանը, թեև նրանց դա դժվար թե զայրացնի, նրանք այլ հոգսեր ունեն»,- նշել է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը։

Միգդալը շարունակել է, որ կա նաև հարցի մյուս կողմը. «Ինչու՞ է դա պետք Չինաստանին։ Անշուշտ, չինացիները չեն պատրաստվում որևէ մեկի հետ կռվել բելառուսական տարածքում։ Նրանք գիտեն, որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ որևէ մեկը չի հարձակվի Բելառուսի վրա։ Բայց նրանք բարձրացնում են իրենց հեղինակությունը և իրենց կարգավիճակը՝ որպես մեծ տերություն, և նրանք տարածաշրջանային տերություն չեն, ինչպես ժամանակին Օբաման վիրավորական կերպով անվանել էր Ռուսաստանը։ Չինաստանը նման կերպ է ընկալում այդ զորավարժությունները»։

Սերգեյ Միգդալը քիչ հավանական է համարում, որ Պեկինը Բելառուսի տարածքում ռազմաբազա տեղակայելու ծրագրեր ունի, քանի որ ՆԱՏՕ-ն Չինաստանի մրցակիցը կամ հակառակորդը չէ։

Ըստ փորձագետի, այն վայրերը, որտեղ չինացիները կառուցում են իրենց բազաները, նախևառաջ իրենց անմիջական շահերի գոտին է՝ Հարավչինական ծովը, Խաղաղ օվկիանոսի արևմտյան և հյուսիսարևմտյան ավազանը, այսինքն՝ այնտեղ, որտեղ կան այսպես կոչված «վիճելի տարածքներ»։ Բացի այդ, նրանք բազաներ են կառուցում իրենց ռազմածովային նավատորմի համար այն տեղերում, որտեղով անցնում են ծովային առևտրային ուղիները, որոնք շատ կարևոր են չինական տնտեսության համար։

Այդուհանդերձ, Միգդալը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, չինացիները կցանկանան Բելառուսում մասնակցել ենթակառուցվածքային որոշ նախագծերի իրականացմանը․ «Տեսնում ենք, որ նրանք ողջ աշխարհում ստեղծում են տրանսպորտային ենթակառուցվածքների գլոբալ ցանց։ Եվ միանգամայն հնարավոր է, որ ցանկանում են Բելառուսում ևս հարմար գնով հասանելիություն ստանալ տեղական ենթակառուցվածքային կենտրոններին»։

Վերադառնալով Բրեստի մերձակայքում «հակաահաբեկչական զորավարժությունների» թեմային՝ փորձագետը նկատել է, որ ո՛չ Լեհաստանը, ո՛չ Ուկրաինան չպետք է առանձնահատուկ կերպով արձագանքեն դրանց․ «Ի վերջո, երկու երկրներն էլ, այսպես թե այնպես, նախորդ երկուսուկես տարիներին զբաղվում են Բելառուսի հետ սահմանի ամրապնդմամբ։ Լեհաստանը նույնիսկ դա ավելի վաղ է սկսել՝ 2021 թվականին, երբ Լուկաշենկոն օգտագործում էր միգրանտներին։ Հարևանների համար գլխավոր վտանգը, իհարկե, Բելառուսի տարածքում ռուսական ցամաքային զորքերի և ավիացիայի առկայությունն է։ Իսկ Լեհաստանի և Ուկրաինայի տեսանկյունից չինացիները պարզապես ցույց են տալիս իրենց դրոշը։ Ի դեպ, երկու երկրներն էլ շահագրգռված են լավ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ»։

XS
SM
MD
LG