Ամիսներ տևած քննարկումներին, կարծես, վերջ տրվեց․ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը Միլուոկիում՝ Հանրապետական կուսակցության համերկրային համագումարի առաջին օրը Օհայոյից ընտրված սենատոր, 39-ամյա Ջեյ Դի կամ Ջեյմս Դևիդ Վենսին հայտարարեց որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու:
Truth Social-ում Թրամփը գրել է, թե Վենսը «ամենից հարմար» մարդն է՝ երկրի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու համար:
Վենսը որպես քաղաքական գործիչ կայացել է ԱՄՆ հյուսիս-արևելյան նահանգները ընդգրկող և Ռասթ Բելթ կոչվող տարածաշրջանում։ Դիտորդների խոսքով, Օհայոյի սենատորի պոպուլիստական հայացքները համընկնում են Թրամփի այն քաղաքական հաշվարկների հետ, որոնք առնչվում են սպիտակամորթ աշխատավոր ամերկացիներին։
«Նախկին նախագահ Թրամփի տրամադրության տակ եղած տարբերակներից սենատոր Վենսը նա է, ով, հավանաբար, ամենից մոտն է կանգնած Թրամփի՝ «Դարձրո՛ւ Ամերիկան կրկին հզոր» փիլիսոփայությանը»,- ասում է ԱՄՆ փոխնախագահների պատմությունը ուսումնասիրած Ջոել Գոլդշտեյնը։
Գոլդշտեյնի խոսքով, ԱՄՆ փոխնախագահներին, սովորաբար, ընտրում են՝ նպատակ ունենալով հասնել արդեն իսկ ձևավորված ընտրազանգվածից դուրս գտնվող ընտրողներին, որպեսզի ստանան լրացուցիչ ձայներ, ինչը, փաստորեն, Վենսի դեպքում այդպես չէ։
«Նախագահ Թրամփի հույս ունի, որ նա՝ [Վենսը] կօգնի ոգևորել այն ընտրողներին, որոնք այլ պարագայում չէին գնա քվեարկելու։ [Նպատակն է], որ նա՝ [Վենսը] դիմի մարդկանց, ովքեր ունեն իր նման [ծանր] անցյալ»,- ասում է Գոլդշտեյնը:
Վենսը հայտնի դարձավ 2016 թվականին իր «Հիլբիլիի էլեգիա» հուշագրությամբ, ուր ներկայացված է ապագա սենատորի աղքատ ու ծանր մանկությունը՝ Օհայոյի Միդլթաուն քաղաքի սոցիալ-տնտեսական անկման ֆոնին:
Հիլբիլին (hillbilly) ժարգոնային բառ է, որը նշանակում է խուլ գավառից եկած մեկը։
Երբ փոքր էր, ծնողները ամուսնալուծվել են, և Վենսին մեծացրել են տատիկն ու պապիկը, քանզի մայրը բուժվում էր թմրամոլությունից:
Ավագ դպրոցից հետո Ջեյ Դի Վենսը անցել է ԱՄՆ ռազմուժի ծովային հետևակի շարքերը, իսկ զինվորական ծառայությունից հետո՝ ընդունվել ու ավարտել է Օհայոյի պետական համալսարանը և Յեյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատել է Սան Ֆրանցիսկոյում՝ Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր Փիթեր Թիելի համար, ով այնուհետև 10 միլիոն դոլար է նվիրաբերել՝ աջակցելով, որպեսզի Վենսը ընտրվի ԱՄՆ Սենատ:
Ի դեպ, նախկինում Վենսը աչքի է ընկել Թրամփի ուղղված իր քննադատությամբ, որին անգամ կոչել է «Ամերիկայի Հիտլեր»։ Սակայն այլևս Թրամփի հավատարիմ աջակիցն է, թեև ԱՄՆ փոխնախագահի՝ հանրապետականների հավանական թեկնածուների շարքում համարվում է, որ ամենից քիչ փորձն ունի:
«Կարծում եմ, այն հարցի առնչությամբ, թե ով կհաջորդի ԱՄՆ նախագահին՝ մրցող թեկնածուների տարիքի և նախագահ Թրամփի դեմ մահափորձի պատճառով, ընտրողների մոտ կարող են հարցեր առաջանալ Վենսի վերաբերյալ, քանի որ սենատոր Վենսը կառավարելու համեմատաբար քիչ փորձ ունի բարձր պաշտոններում»,- ասում է Գոլդշտեյնը։
ԱՄՆ պառակտված քաղաքական դաշտում, ուր միասնության կոչ է անում նաև Դոնալդ Թրամփը, դեռ պետք է տեսնել, թե ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածուն կօգնի՞ կամրջել հանրության տարբեր մասերը, թե՞ կխորացնի բաժանումները:
Ի դեպ, Թրամփի դեմ մահափորձից ընդամենը ժամեր անց, որպես տեղի ունեցածի պատճառ, Վենսը նշել էր Բայդենի առաջնոդած քարոզարշավում գործածվող հռետորաբանությունը։