Մատչելի հղումներ

Մենենդեսի փաստաբանական թիմը հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին


Սենատոր Բոբ Մենենդեսը լքում է Նյու Յորքի դաշնային դատարանը, 2024 թվականի հուլիսի 16-ին
Սենատոր Բոբ Մենենդեսը լքում է Նյու Յորքի դաշնային դատարանը, 2024 թվականի հուլիսի 16-ին

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի նկատմամբ կոռուպցիայի գործով իրականացվող դատավարությունն ավարտվել է, և ամերիկացի օրենսդիրը մեղավոր է ճանաչվել ներկայացված բոլոր մեղադրանքների գծով։ Այնինչ, Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչում։

ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկը՝ Ռոբերտ Մենենդեսը, մեղավոր է ճանաչվել հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Ըստ մեղադրական կողմի, սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, կաշառք են ստացել հարյուր հազարավոր կանխիկ դոլարների, ոսկու ձուլակտորների, ավտոմեքենաների տեսքով, երեք գործարարներ նրա օգտին կատարել են հիփոթեքային վճարներ: Դատախազների խոսքով, փոխարենը, Մենենդեսը օգնել է, որպեսզի Եգիպտոսը միլիարդավոր դոլարների օգնություն ստանա Միացյալ Նահանգներից։ Հաղորդվում է, որ եգիպտացի գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կապեր ուներ տեղի պաշտոնյաների հետ:

Մենենդեսը մեղադրվում է նաև երկու այլ գործարարների՝ Ֆրեդ Դայբեսի և Խոսե Ուրիբեի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի մեջ։

«Սա սովորական քաղաքականություն չէր, այլ քաղաքականություն էր շահի համար: Եվ այժմ, երբ երդվյալ ատենակալները դատապարտեցին Բոբ Մենենդեսին, վերջապես ավարտին հասավ նրա այդ գործելակերպը»,- ասել է ԱՄՆ դաշնային դատախազ Դեմիան Ուիլյամսը:

Սենատոր Մենենդեսը չի ընդունում իր դեմ արձակված դատավճիռը և պատրաստվում բողոքարկել այն
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Մենենդեսի պաշտպանների պնդմամբ, նրա գործունեությունը չէր հակասում սենատորի պարտականություններին: Փաստաբանական թիմը փորձում էր մեղադրանքի հիմնական մասը բարդել նրա կնոջ վրա, որը դատախազների կարծիքով՝ միջնորդ էր կաշառք ստանալու հարցում, և որ ոսկու ձուլակտորները հայտնաբերվել են հենց նրա պահարանում։ Նրանք պնդում էին, թե զույգը գրեթե առանձին է ապրել, և որ Նադին Մենենդեսը ամուսնուն չի տեղեկացրել իր ֆինանսական գործերի մասին:

Ըստ պաշտպանական կողմի, սենատորը կանոնավոր կերպով կանխիկ գումար է հանել բանկերից և տասնամյակներ շարունակ պահել տանը: Նրա ավագ քույրը վկայել է, որ Մենենդեսը սովորություն ունի պահել կանխիկ գումար՝ սովորություն, որը նա ժառանգել է Կուբայից ներգաղթած ծնողներից:

Հայազգի Նադին Արսլանյան-Մենենդեսը չի մասնակցել Բոբ Մենենդեսի դատավարությանը, քանզի նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Նա դատարան կներկայանա ավելի ուշ։

Երդվյալ ատենակալների որոշման հետ սենատորը կտրականապես համաձայն չէր:

«Խորապես հիասթափված եմ ատենակալների որոշումից։ Լիովին հավատացած եմ, որ այդ որոշման հիմքում օրենքն ու փաստերը չեն, և որ մենք հաջողության կհասնենք բողոքարկման ժամանակ: Երբեք չեմ խախտել իմ երդումը։ Մշտապես եղել եմ հայրենասերը։ Երբեք օտարերկրյա գործակալ չեմ եղել»,- ասել է Մենենդեսը:

Երդվյալ ատենակալները անցան քննարկման անցած ուրբաթ, և երեք օրվա ընթացքում պահանջվեց ավելի ավելի քան 12 ժամ նման որոշում կայացնելու համար:

«Սա պատմական դատավճիռ է, քանի որ սենատոր Մենենդեսը ոչ միայն դատապարտված է կոռուպցիայի, այլև որպես օտարերկրյա կառավարության գործակալ հանդես գալու մեջ»,- ասել է ԱՄՆ նախկին դաշնային դատախազ Նեամա Ռահմանին:

Ռահմանիի խոսքով, դատավճռի հետևանքով սենատորը կարող է երկար տարիներ անցկացնել անազատության մեջ:

«Որոշ կետերով առավելագույն հնարավոր պատիժը 20 տարվա ազատազրկումն է: Այս վճիռը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ, այդ թվում՝ Բոբ Մենենդեսի նման հզոր և բարձրաստիճան սենատորը։ Եթե օրենքը խախտես, կաշառք վերցնես, կբռնվես ու կդատապարտվես»,- ասել է նախկին դատախազը։

Միացյալ Նահանգների սահմանադրությունը Կոնգրեսին իրավունք է տալիս հեռացնել սենատոր Մենենդեսին իր պաշտոնից, սակայն Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Ուելենը պնդում է՝ դյուրին գործ չէ․«Անհարժեշտ է որպեսզի Սենատի երկու երրորդը համաձայնվի օրենսդրին հեռացնելու հարցում, որը շատ բարձր նշաձող է: Դա շատ է դժվարացնում նման գործընթացը: [ԱՄՆ] պատմության մեջ հայտնի է, որ շուրջ 15 սենատորներ են հեռացվել: Սահմանադրություն կազմողները դժվարեցրել են գործընթացը՝ չցանկանալով, որպեսզի բազմության պահանջով օրենսդիրները պաշտոնազրկվեն»։

Մենենդեսի փաստաբանական թիմը հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին:

XS
SM
MD
LG