Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներ են ներկայացվել, որոնք վերաբերում են երեք գործարարների օգտին գործելու համար կաշառք վերցնելուն, Եգիպտոսի կառավարության օգտին հանդես գալուն, ինչպես նաև իր կնոջ գործընկերների առջև ծառացած իրավական խնդիրները կարգավորելուն:
«Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկել են Նյու Ջերսիում գտնվող Մենենդես զույգի բնակարանը, հայտնաբերել են մոտ կես միլիոն դոլար կանխիկ գումար՝ ծրարների մեջ, պահարաններում։ Դրամի մի մասն էլ սենատորի բաճկոնի գրպաններում էր: Գործակալները նաև մեծ քանակությամբ ոսկի են հայտնաբերել»,- ասում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Դեմիան Ուիլյամսը:
Նախկինում՝ 2017 թվականին Մենենդեսին ներկայացվել էր կոռուպցիային առնչվող մեղադրանք, սակայն դատարանում չկարողացան ապացուցել այն:
Սենատորը կտրականապես հերքել է իր դեմ առաջ քաշված նոր մեղադրանքները, սակայն Նյու Ջերսիի բնակիչները զարմացած չեն այս պատմությամբ:
«Չեմ զարմանում։ Բազմաթիվ գաղտնի գործարքներ։ Նրա կինը նույնպես ներգրավված է: Եվ սա նրա դեմ առաջ քաշված կոռուպցիոն երկրորդ մեղադրանքն է»,- ասում է Նյու Ջերսիի բնակիչ Լիզ Բաթան:
«Ամենևին էլ զարմացած չեմ․ նախկինում ջրից չոր էր դուրս եկել, ինչո՞ւ նորից չանի: Քաղաքական գործիչներին բնորոշ մոտեցումն է»,- կարծիք է հայտնում Նյու Ջերսիի բնակիչ Ջեք Սաբուլիչը:
Սենատորի խոսքով, մեղադրանքներն ունեն քաղաքական նպատակ։
«Այս ամենի հետևում գտնվող ուժերը բազմիցս փորձել են լռեցնել ինձ և փորել իմ քաղաքական գերեզմանը։ Վստահ եմ, որ այս խնդիրը ևս հաջողությամբ կլուծվի, երբ բոլոր փաստերը ներկայացվեն, ու իմ՝ նյուջերսիացի համաքաղաքացիները կտեսնեն իրականությունը»,- ասում է սենատոր Մենենդեսը:
Չնայած Մենենդեսի հերքմանը, իրավաբանների խոսքով՝ նրա դեմ առաջ քաշված մեղադրանքները լուրջ են:
«Այն կաշառակերության դասական սխեմա է: Սենատոր Մենենդեսին մեղադրում են երեք առանձին հոդվածներով: Եթե ի մի բերենք, առավելագույնը նրան սպառնում է 45 տարվա ազատազրկում»,- ասում է նախկին դաշնային դատախազ Ադամ Կամենշտեյնը:
Սակայն Կամենշտեյնը հավելում է, անգամ եթե սենատորը մեղավոր ճանաչվի, իրական դատավճիռը կարող է այնդչափ դաժան չլինել:
Դիտորդների խոսքով, նման մեղադրանքներից հետո սենատոր Մենենդեսի համար կարող է դժվար լինել շարունակել իր քաղաքական ուղին: Ուրբաթ՝ մեղադրանքի հրապարակումից ընդամենը ժամեր անց Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին կոչ արեց Մենենդեսին հրաժարվել նահանգը ներկայացնող սենատորի աթոռից: