Մատչելի հղումներ

Հայաստանի արևմտամետ ուղեգիծը. փորձագետների կարծիք


Հայաստանի վարչապետն ու ԵՄ ու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները Բրյուսելում, ապրիլ, 2024 թ.
Հայաստանի վարչապետն ու ԵՄ ու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները Բրյուսելում, ապրիլ, 2024 թ.

Երկրում աճող եվրոպամետ տրամադրությունների ֆոնին Հայաստանը փնտրում է գործընկերներ, որոնք կարող են երաշխավորել իր անվտանգությունը

Հայաստանում շարունակվում են երկուշաբթի օրը մեկնարկած «Eagle Partner» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Զորավարժություններն անցկացվում են արդեն երկրորդ տարին անընդմեջ։

Անկախ փորձագետներն ասում են, որ «Eagle Partner-ն» արտացոլում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերը՝ ավելի սերտ կապեր հաստատելու Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների հետ՝ իր վաղեմի դաշնակից Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների վատթարացման պայմաններում:

Վերջերս Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, «Eagle Partner-ն» ուղղված է միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցության բարձրացմանը։ Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի խաղաղապահ ուժերը, ԱՄՆ-ի բանակի անձնակազմը Եվրոպայում և Աֆրիկայում, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի անդամներ։ Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 24-ը։

Նաև շուտով Հայաստանի պաշտպանության նախարարությունում կաշխատի ամերիկյան զինված ուժերի մշտական ներկայացուցիչ։ Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։

«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,- ասել է Զեյան:

Կրեմլը բազմիցս արտահայտել է իր վրդովմունքը Նիկոլ Փաշինյանի ցանկության վերաբերյալ Արևմուտքի հետ կապերը խորացնելու և Հայաստանը դաշինքներից հեռացնելու, որոնցում Մոսկվան թելադրող դեր է խաղում։

Բացի այդ, 2024 թվականի հունիսի սկզբին Միացյալ Նահանգները և Հայաստանը պայմանավորվեցին հարաբերությունների մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին՝ նվիրված կազմակերպության 75-ամյակին։

Հայաստանում այժմ գերիշխում են արևմտամետ կամ եվրոպամետ տրամադրություններ, «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված մեկնաբանության մեջ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները դա են ցույց տալիս, բայց ոչ միայն։

«Դա երևում է նաև բառացիորեն առօրյա դիսկուրսներում, քաղաքական գործիչների, լրագրողների տարբեր հայտարարություններում և այլն»,- հավելեց նա։ -Պատճառն ակնհայտ է. մարդկանց դրան մղեց Մոսկվայի պահվածքը, նախ՝ 2020 թ-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմից, իսկ հետո՝ 2023 թ-ին Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությունից հետո։ Ռուսաստանի իմիջը երկրում կտրուկ ընկել է: Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը չի կատարել այն պարտավորությունները (Հայաստանի նկատմամբ), որը ստանձնել էր»։

Իսկ Արևմուտքի իմիջը, ընդհակառակը, բարելավվում է, ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը. «Սա այսպիսի մի երկակի մոտեցում է. եթե մենք չկարողանանք շփվել Ռուսաստանի հետ, ապա կփորձենք համագործակցել Արևմուտքի հետ։ Իսկ նման ընթացքը դիտվում է հիմնականում որպես դրական երեւույթ։ Թե որքանով են նման տրամադրությունները համապատասխանում իրավիճակին, այլ հարց է: Կարող է արդյո՞ք Արևմուտքը փոխարինել Ռուսաստանին, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի՝ որպես (Հայաստանի շահերի) պաշտպանի մասին առասպելի։ Բայց հանրային կարծիքի մեջ աճում են արևմտամետ տրամադրությունները, և դա փաստ է»։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընդլայնումը տեղի է ունենում բառացիորեն մեր աչքի առաջ»,- հայտարարեց քաղաքագետը: «Հիմա տեղի են ունենում համատեղ զորավարժություններ, ի դեպ, որոնք առաջին անգամը չէ։ Փոխգործակցության մակարդակը մեծանում է, և այդ փոխգործակցությունը տեղի է ունենում ոչ միայն, օրինակ, առևտրի, այլ նաև անվտանգության ոլորտում։ Այստեղ բարելավում կա, դա տեսանելի է»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին «Eagle Partner» զորավարժությունները։ Այնուհետ Մոսկվան այս քայլն անվանեց «ոչ բարեկամական»։

Երբ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան, Երևանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց անտեսել Մոսկվայի առաջնորդած այս դաշինքի գագաթնաժողովները։ Վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը կարող է վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Ֆորմալ առումով Հայաստանն այլեւս ոչ մի կերպ չի գործում ՀԱՊԿ-ի շրջանակներում, ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Հայաստանի ներկայացուցիչները չեն գնում կազմակերպության նիստերին, Երևանը չի ֆինանսավորում ՀԱՊԿ-ի գործունեությունը և այլն։ Իրական անվտանգության ոլորտում համագործակցությունը կազմակերպության այլ երկրների հետ, առաջին հերթին Ռուսաստանի, ընդհատվել է։ Եվ սա տեղի ունեցավ մոտ երկու տարի առաջ։ Ինչ վերաբերում է ոչ ֆորմալ բաղադրիչին, ապա վարչապետ Փաշինյանը փաստացի ավելի վաղ ասել էր՝ Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ սառեցված են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու տառացի ընթացակարգին, ապա ես լավ պատկերացնում եմ քաղաքական իրականությունը, որում նման դեմարշ կիրականացվի։ Բայց ես կարող եմ նաև պատկերացնել, որ դա շատ երկար ժամանակ չի տևի»։

Սակայն իրականում դա ոչինչ չի փոխում, ամփոփեց Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Հավանաբար, մենք չպետք է ֆետիշացնենք ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալը, ասում է Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի այցելու հետազոտող Բորիս Դոլգինը։ Նրա կարծիքով՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա։

«Եթե, իհարկե, պրոմոսկովյան խմբերին չհաջողվի տապալել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»,- պարզաբանել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված մեկնաբանությունում։ – Առայժմ այս փորձերի հաջողությունը կասկածելի է թվում։ Մինչդեռ Հայաստանը, շարունակելով լինել ՀԱՊԿ անդամ, արդեն սառեցրել է իր անդամակցությունն այս կազմակերպությանը։ Արևմուտքի հետ մերձեցման կուրս բռնած Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը համապատասխանում է երկրի ներսում տիրող տրամադրություններին։ Ինչպես ցույց է տրված, ի թիվս այլ բաների, MPG ընկերոթյան վերջին հարցման տվյալների համաձայն, մարդկանց համակրանքը շարունակում է փոխվել եվրոպական և եվրաատլանտյան ուղղությամբ»:

Սակայն տարօրինակ կլիներ, եթե դա տեղի չունենար, կարծում է Բորիս Դոլգինը: «Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը վերջին տարիներին ցույց են տվել իրենց վրա հույս դնելու անհնարինությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման իմաստով։ Փաստորեն, հայկական պետականության անվտանգությունը գոնե մասամբ երաշխավորելու միակ տարբերակը ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ մերձեցումն ու ինտեգրացիոն նախագծերին մասնակցելն էր։ Այս ֆոնին մենք կարող ենք փորձել պարտադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք համատեղ (հայ-ամերիկյան) զորավարժություններ և այլ ջանքեր Երևանի կողմից՝ Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար»։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը կարծես թե վախենում է Ռուսաստանի կոշտ արձագանքից, ինչի պատճառով էլ Արևմուտքի հետ ինտեգրման գործընթացն իրականացվում է բավականին աստիճանաբար, եզրափակեց փորձագետը։

XS
SM
MD
LG