Մատչելի հղումներ

Ամերիկացիները բացասական են գնահատում Չինաստանի տնտեսական ազդեցությունը


ԱՄՆ - Չինաստան
ԱՄՆ - Չինաստան

Հեղինավակավոր Pew Research Center-ի կողմից անցկացված հարցումը վկայում է, որ բազմաթիվ երկրներում նկատում են իրենց մոտ ձևավորվող Չինաստանի տնտեսական ազդեցությունը, սակայն պետություններում տարակարծիք են՝ արդյո՞ք այդ ազդեցությունը լավ է կամ վատ:

Սան Ֆրանցիսկոյից մինչև Նյու Յորք ու Վաշինգտոն զգացվում է չինական թաղամասերի և չինական մշակույթի ազդեցությունը:

«Զգում եմ այդ ազդեցությունը: Այսինքն՝ նայեք ձեր շուրջը, մենք չայնաթաունում ենք»,- ասում է Ռեյն Բրոդին։

«Ենթադրում եմ, որ բոլորն էլ սիրում են չինական սնունդն ու լուսնային փառատոնը՝ չինական Նոր տարին։ Այնպես որ, ենթադրում եմ, մշակութային առումով լավ ազդեցություն է»,- ասում է Յուջին Մոսակը, ով հյուր է Վաշինգտոնում:

«Չնայած բազմաթիվ ամերիկացիներ կարծում են, որ չինական մշակույթը դրական երևույթ է, բայց երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ տնտեսության վրա Չինաստանի ազդեցությանը, Pew Research Center-ի համաձայն, ամերիկացիների գրեթե երեք քառորդը բացասական ընկալում ունի»:

Pew Research Center-ի ներկայացուցիչ Լորա Սիլվերի խսքով, հարցումն անցկացվել է 35 երկրներում, ներառյալ՝ ԱՄՆ-ում, և մարդկանց ուղղվել է Չինաստանի հետ կապված մի քանի հարց:

«Ամերիկացիներն, իրոք, աչքի են ընկնում Չինաստանի ազդեցությունը մեծամասամբ բացասական գնահատելով: Ամերիկացիներն ավելի շատ են բացասական գնահատում Չինաստանի տնտեսական ազդեցությունը, քան մեր հետազոտած մյուս բոլոր երկրներում»,- ասում է Սիլվերը:

Չինաստանը ոչ միայն ամերիկյան շուկա ապրանքների արտահանման առաջատարներից է, այլև Չինաստանի հետ կապված առցանց առևտրային հարթակները՝ Shein-ը, Temu-ն արդեն արմատներ են նետել ԱՄՆ-ում:

Ռեյն Բրոդին Temu-ի հաճախորդ է:

«Կարծում եմ՝ գների [իմաստով] այնտեղ, իսկապես, մատչելի է»,-ասում է Բրոդին:

Բայց, օրինակ, Քենդալ Ֆունասակին, ում համար ևս գայթակղիչ են ցածր գները չինական այդ հարթակներում, որոշել է զերծ մնալ այնտեղ գնումներ կատարելուց:

«Temu-ի նման կայքերը, նմանատիպ չինական կայքերը, բացասական ազդեցություն ունեն սպառողների վարքագծի վրա, [որովհետև] ուղղակի դրդում են մարդկանց շատ գնումներ կատարել, և այդ ապրանքների որակը հիանալի չէ։ Պարզապես, շատ ես գնում, իսկ հետո այդ իրերը դեն ես նետում, ինչը, կարծում եմ, [միջոցների] վատնում է»,- ասում է Ֆունասակին։

Կալիֆոռնիայի համալսարանի բիզնեսի գծով պրոֆեսոր Քրիստոֆեր Թանգը հիշեցնում է՝ ԱՄՆ կառավարությունը նաև զգուշացրել է TikTok սոցհարթակի մասին, որի մայր ընկերությունը Պեկինում գործող ByteDance-ն է։

«ԱՄՆ կառավարությունը մտահոգ, թե արդյոք TikTok-ը կարող է օգտագործվել որպես պոտենցիալ կեղծ լուրեր տարածելու միջոց, և ընտրությունների ժամանակ տարբեր թեկնածուների վերաբերյալ կողմնակալ կարծիքներ սփռելու համար»,- ասում է Թանգը:

«Tiktok-ը կարելի է օգտագործել որպես անձնական կարծիք հայտնելու միջոց: Ամեն մեկն ունի իր կարծիքն ու մտքերը, այն կարող է աշխատել ցանկացած ձևով»,- շարունակում է Ռեյն Բրոդին:

Pew Research Center-ի հետազոտության համաձայն, Չինաստանի ազդեցության վերաբերյալ կարծիքները որոշակիորեն տարբերվում են տարիքային խմբերում:

«Տարեցների շրջանում փոքր-ինչ շատ է այն մարդկանց թիվը, որոնք խոսում են Չինաստանի մեծ ազդեցության մասին և որ այդ ազդեցությունը բացասական է: Այդպես է, օրինակ, Միացյալ Նահանգներում»,- ասում է Լորա Սիլվերը:

«Երիտասարդ սերունդը սիրում է Tiktok-ը, չինական արտադրանքը, Shein-ը: Նրանց քիչ է մտահոգում Չինաստանի հետ կապված իրավիճակը։ Ուստի, նրանք Չինաստանն ընկալում են համեմատաբար ավելի դրական տեսքով: Բայց ավագ սերնդի մտքին դեռ պատերազմն է։ Նրանք մտածում են գլոբալ անվտանգության մասին։ Ավելի շատ են մտահոգված Չինաստանի պատճառով։ Այնպես որ, նման արդյունքները զարմանալի չէին»,- հավելում է Քրիստոֆեր Թանգը։

Սիլվերը ընդգծում է՝ Pew Research Center-ի հետազոտության տվյալների հիմքում հանրային ընկալումն է, և այն ցույց չի տալիս, թե, իրականում, ինչ ազդեցություն ունի Չինաստանը երկրների տնտեսություններում, և այս հանգամանքը կարող է դրական դեր ունենալ։

«Հասարակության ընկալումները, հավանաբար, դեր են խաղում այն հարցում, թե ինչպես են քաղաքական գործիչները մտածում ինչ-որ բանի մասին։ Հետևաբար, հասարակության ձայնը ներկայացնելը կարևոր է»,- ասում է Լորա Սիլվերը:

ԱՄՆ-ում՝ նախընտրական այս տարում նշվածը պետքական է լինելու նաև նախագահական թեկնածուների համար՝ շահելու ընտրողների ձայները։

XS
SM
MD
LG