ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ջանքեր են գործադրում, որպեսզի Եգիպտոսի իշխանությունները թույլ տան ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներին հեռանալ երկրից:
Միացյալ Նահանգների հինգ քաղաքացուն, ներառյալ ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Ռեյ ԼաՀուդի որդի Սեմ ԼաՀուդին, արգելվել է մուտքը Եգիպտոսի տարածքից դուրս ուղևորվող օդանավեր:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Միացյալ Նահանգների այս քաղաքացիներն աշխատում են մի շարք միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններում, որոնք նպատակ են հետապնդում օժանդակություն տրամադրել Եգիպտոսում ընտրությունների անցկացմանը:
Նուլանդի համաձայն, Եգիպտոսի դատական մարմինները հարցաքննել են ԱՄՆ-ի քաղաքացիներին, իսկ երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել հասարակական կազմակերպությունների նկատմամբ՝ մեղադրելով վերջիններիս խռովություններ հրահրելու մեջ: Նա ասել է, որ ժողովրդավարությունը նոր երևույթ է Եգիպտոսի բյուրոկրատական և դատական համակարգի համար, որոնք չեն կարողանում արագ հարմարվել դրան:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն ասել է նաև, որ հասարակական կազմակերպություններն օժանդակում են գործընթացներին, այլ ոչ թե առանձին թեկնածուներին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հորդորել են Եգիպտոսի կառավարությանն անմիջապես դադարեցնել տեղաշարժի արգելքն ու թույլ տալ ամերիկացիներին հնարավորինս արագ վերադառնալ իրենց հարազատ օջախներ: