Եգիպտոսի հազարավոր բնակիչներ հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում՝ նշելու երկրում մեկ տարի առաջ սկսված ապստամբության առաջին տարեդարձը, որի արդյունքում հրաժարական է ներկայացրել նախագահ Հոսնի Մուբարաքը:
Կահիրեի կենտրոնական հրապարակում ապստամբության տարեդարձը նշող բազմության մասնակիցներից ոմանք սակայն պնդել են, որ մեկ տարի առաջ սկսված հեղափոխությունը դեռ չի իրականացրել իր բոլոր նպատակները:
Ցուցարարները հորդորել են երկրում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհրդին փոխանցել կառավարումը քաղաքացիական մարմիններին:
Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում Թունիսում տեղի ունեցած ապստամբությամբ ոգեշնչված ամենօրյա ցույցերը սկսվել էին անցյալ տարվա հունվարի 25-ին և շարունակվել 18 օր, որոնց ընթացքում տեղի էին ունեցել արյունալի բախումներ անվտանգության ուժերի հետ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրն իր աշխատանքն է մեկնարկել Եգիպտոսի նորընտիր խորհրդարանի ստորին պալատը՝ Հոսնի Մուբարաքի հրաժարականը ներկայացնելուց գրեթե մեկ տարի անց:
Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի առաջին նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցյալ մեկ տարվա ընթացքում հակակառավարական ցույցերի բոլոր զոհերի հիշատակը, ապա հերթով ընթերցել երկրի սահմանադրությունն ու օրենքը հարգելու երդումը:
«Մահմեդական եղբայրություն» խմբավորման «Ազատություն և արդարություն» կուսակցությունը երկրում անցկացված ընտրությունների մի քանի փուլի արդյունքներով խորհրդարանում զբաղեցրել է 498 տեղերի գրեթե կեսը: Սպասվում է, որ կուսակցության կողմից ներկայացված խոսնակի թեկնածուն՝ Սաադ Քաթանին, կընտրվի այս պաշտոնում:
Ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրավել է ծայրահեղ պահպանողական «Ալ-Նուռ» մահմեդական կուսակցությունը, որի ներկայացուցիչները զբաղեցրել են Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի տեղերի մոտ մեկ քառորդը:
Եգիպտոսի ազատական կուսակցությունը զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը՝ նվաճելով մահմեդական կուսակցություններից շատ ավելի քիչ ձայներ: