Մատչելի հղումներ

Եգիպտոսում անցկացվում է «Ցասման երկրորդ օրը»


Եգիպտոսում անցկացվում է «Ցասման երկրորդ օրը»
Եգիպտոսում անցկացվում է «Ցասման երկրորդ օրը»

Եգիպտոսի ակտիվիստներն ուրբաթ օրը հավաքվել է Կահիրեի Թահրիր հրապարակում՝ շարունակելով նշել մեկ տարի առաջ երկրում սկսված հեղափոխության տարեդարձը, որի արդյունքում հրաժարական է ներկայացրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Հրապարակում ուրբաթ օրն անցկացվող ցույցերը շատերն անվանել են «Ցասման երկրորդ օր»:

Ցույցին մասնակցում են Եգիպտոսում ժողովրդավարության ջատագով առնվազն 27 խմբավորում: Ցուցարարներից շատերը պահանջում են անհապաղ դադարեցնել երկրում ռազմական կառավարումը և փոխանցել իշխանությունը քաղաքացիական կառավարության:

Ֆելդմարշալ Մոհամմեդ Հուսեյն Թանթավիի կողմից գլխավորած ռազմական խորհուրդը վերջին մի քանի օրվա ընթացքում որոշ զիջումներ է կատարել բարեփոխության ջատագովներին՝ ներում շնորհելով մոտ 2 հազար բանտարկյալներին և խոստանալով չորեքշաբթի օրվանից թուլացնել երկրում արդեն 30 տարի գործող արտակարգ իրավիճակի դրությունը:

Ռազմական խորհուրդը սակայն նշել է, որ իշխանությունները շարունակելու են կիրառել ժողովրդականություն չվայելող «բանդիտիզմի դրսևորումների դեմ պայքարելու մասին» օրենքը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրն իր աշխատանքն է մեկնարկել Եգիպտոսի նորընտիր խորհրդարանի ստորին պալատը՝ Հոսնի Մուբարաքի հրաժարականը ներկայացնելուց գրեթե մեկ տարի անց:

Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի առաջին նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցյալ մեկ տարվա ընթացքում հակակառավարական ցույցերի բոլոր զոհերի հիշատակը, ապա հերթով ընթերցել երկրի սահմանադրությունն ու օրենքը հարգելու երդումը:

«Մահմեդական եղբայրություն» խմբավորման «Ազատություն և արդարություն» կուսակցությունը երկրում անցկացված ընտրությունների մի քանի փուլի արդյունքներով խորհրդարանում զբաղեցրել է 498 տեղերի գրեթե կեսը: Սպասվում է, որ կուսակցության կողմից ներկայացված խոսնակի թեկնածուն՝ Սաադ Քաթանին, կընտրվի այս պաշտոնում:

Ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրավել է ծայրահեղ պահպանողական «Ալ-Նուռ» մահմեդական կուսակցությունը, որի ներկայացուցիչները զբաղեցրել են Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի տեղերի մոտ մեկ քառորդը:

Եգիպտոսի ազատական կուսակցությունը զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը՝ նվաճելով մահմեդական կուսակցություններից շատ ավելի քիչ ձայներ:

XS
SM
MD
LG