Եգիպտոսում ցուցարարները չեն հեռանում երկրի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակից, որը մեկ տարի առաջ դարձել էր երկրում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում անցկացվող ցույցերի կենտրոնական վայրը:
Հրապարակում, ուր մեկ օր առաջ տասնյակ հազարավոր մարդիկ նշել են հեղափոխության առաջին տարեդարձը, հինգշաբթի օրը մնացել են բազմաթիվ ցուցարարներ:
Եգիպտոսի ժողովրդավարության կողմնակից մի քանի խումբ հայտնել են, որ նախատեսում են անցկացնել նստադուլ մինչև ուրբաթ օրը, երբ հրապարակում ծրագրված է անցկացնել ևս մեկ ցույց:
Ցուցարարները կոչ են արել Եգիպտոսում իրականացնել ևս մեկ ապստամբություն՝ այս անգամ երկրում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհրդի դեմ, և հորդորել են վերջինիս փոխանցել իշխանությունը քաղաքացիական կառավարության:
Սակայն երկրի մահմեդական հիմնական խմբավորումը՝ «Մահմեդական եղբայրություն»-ը մերժել է նոր հեղափոխության նոր ալիք բարձրացնելու կոչերը: Խմբավորումը սատարում է երկրում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհրդի կողմից մշակված ժամանակացույցը, ըստ որի իշխանությունը կփոխանցվի ընտրությունների արդյունքներով ընտրված նախագահին այս տարվա հունիսի վերջին:
Ֆելդմարշալ Մոհամմեդ Հուսեյն Թանթավիի կողմից գլխավորած ռազմական խորհուրդը վերջին մի քանի օրվա ընթացքում որոշ զիջումներ է կատարել բարեփոխության ջատագովներին՝ ներում շնորհելով մոտ 2 հազար բանտարկյալներին և խոստանալով չորեքշաբթի օրվանից թուլացնել երկրում արդեն 30 տարի գործող արտակարգ իրավիճակի դրությունը:
Ռազմական խորհուրդը սակայն նշել է, որ իշխանությունները շարունակելու են կիրառել ժողովրդականություն չվայելող «բանդիտիզմի դրսևորումների դեմ պայքարելու մասին» օրենքը: