Մատչելի հղումներ

Եգիպտոսը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել հասարակական կազմակերպությունների ամերիկացի ակտիվիստներին


Եգիպտոսը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել հասարակական կազմակերպությունների ամերիկացի ակտիվիստներին
Եգիպտոսը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել հասարակական կազմակերպությունների ամերիկացի ակտիվիստներին

Եգիպտոսի իշխանությունները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ուղարկել են Միացյալ Նահանգների մի քանի քաղաքացու նկատմամբ հասարակական կազմակերպություններին օտարերկրյա աղբյուրներից անօրինական ֆինանսավորում տրամադրելու հետ կապված պաշտոնապես ներկայացված մեղադրանքների փաստաթղթերը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, երկրի վարչակազմը չորեքշաբթի օրը ստացել է պաշտոնական մեղադրականը, որի ծավալը կազմել է ավելի քան 100 էջ:

Նուլանդի համաձայն, թարգմանիչներն աշխատում են արաբերեն կազմված փաստաթղթերի թարգմանության վրա՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ փաստաթղթերում պարունակվող մեղադրանքների և դրանց հիմքերի մասին տեղեկանալու համար:

Եգիպտոսի մեղադրողները երկուշաբթի օրը հայտնել են, թե քրեական մեղադրանքներ են ներկայացրել այս երկրի և օտարերկրյա քաղաքացի 43 ակտիվիստներին, որոնց թվում կա Եգիպտոսում ժողովրդավարությանն անցմանը սատարելու ուղղությամբ աշխատող 19 ամերիկացի: Հասարակական կազմակերպությունների գրասենյակները դեկտեմբեր ամսին ենթարկվել են խուզարկման՝ առանց լիցենզիայի աշխատելու և արտասահմանից անօրինական ֆինանսավորում ստանալու մեղադրանքներով:

Վաշինգտոնը պնդում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները որևէ հանցագործություն չեն կատարել:

Եգիպտոսի զինված ուժերի կողմից նշանակված վարչապետ Քամալ ալ-Գանզուրին չորեքշաբթի օրն ասել է, թե իր կառավարությունը «հետ չի կանգնելու» հետաքննություն իրականացնելուց՝ չնայած Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել տարեկան 1,3 տրիլիոն դոլար կազմող ռազմական օգնության տրամադրումը:

Վարչապետը պնդում է, թե հասարակական կազմակերպությունների դեմ հետաքննություն անցկացնելիս իշխանությունները «օրենք կկիրառեն»:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի երեք սենատոր զգուշացրել են, որ Եգիպտոսի իշխանությունների կողմից մեղադրանքները չհանելու դեպքում այս երկրի հետ հարաբերություններին «կործանարար հարված» կհասցվի:

XS
SM
MD
LG