Մատչելի հղումներ

Քլինթընը կոչ է արել Հնդկաստանին ուժեղացնել ազդեցությունն Ասիայում


Քլինթընը կոչ է արել Հնդկաստանին ուժեղացնել ազդեցությունն Ասիայում
Քլինթընը կոչ է արել Հնդկաստանին ուժեղացնել ազդեցությունն Ասիայում

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրը Հնդկաստանի հարավ-արևելյան Չենայի քաղաքի այցելության ընթացքում հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով Հնդկաստանին ուժեղացնել իր ազդեցությունն Ասիայում։

Քլինթընը նաև հորդորել է երկրի ղեկավարությանը ճնշում գործադրել Բիրմայի ղեկավարության վրա՝ ստիպելով վերջինին սկսել ռազմական կառավարման չորս տասնամյակի ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործընթացը։

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի խոսքով, Հնդկաստանի ղեկավարությունը պետք է նոր պատասխանատվություն ստանձնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Քլինթընն ասել է, որ Հնդկաստանն ունի «տարածաշրջանի ապագայի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ»,

և նշել, որ այս երկրի արտաքին գործերի նախարար Նիրումփամա Ռաոյի կողմից անցյալ ամիս Ռանգունում Աունգ Սան Սու Քյիի այցելությունը «վճռորոշ պահ» է, և Նոր Դելիին անհրաժեշտ է շարունակել օգտագործել իր ազդեցությունը՝ Բիրմայում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը բարելավելու նպատակով։

Հնդկաստանին, չնայած Աունգ Սան Սու Քյիին բազում տարիների ընթացքում տրամադրվող հաստատակամ աջակցության, վերջին տասը տարվա ընթացքում հաջողվել է բարելավել հարաբերությունները Բիրմայում նախկինում իշխանության գլուխ կանգնած ռազմական խունտայի հետ։

Բացի այդ, Նյու Դելին հետաքրքրված է օգնություն տրամադրել Բիրմային՝ երկու պետությունների միջև սահմանամերձ շրջանում գործող անջատողականների դեմ պայքարելու գործում, և փորձում է մուտք ստանալ դեպի Բիրմայի բնական գազի պաշարները և խոչընդոտել այս երկրում Չինաստանի աճող ազդեցությունը։

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի իր գործընկեր Ս. Մ. Քրիշնան երեքշաբթի օրը կոչ են արել Պակիստանին ավելի շատ ջանք գործադրել այդ երկրի տարածքում «ահաբեկիչների ապահով ապաստանները» վերացնելու ուղղությամբ, ինչը, իրենց համաձայն, բխում է ինչպես Պակիստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ պետությունների շահերից։

Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը միասին են պայքարում ահաբեկչության դեմ, և Պակիստանն այդ պայքարում հիմնական դաշնակից է։

XS
SM
MD
LG