Հնդկաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Մումբայ քաղաքում իրար հետևից որոտացած պայթյունները, որոնց պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ, «ահաբեկիչների կողմից իրականացված համակարգված հարձակում են»։
Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքում չորեքշաբթի երեկոյան որոտացած երեք պայթյունից հետո նախարարը դիմել է երկրի քաղաքացիներին՝ հորդորելով պահպանել հանգստություն։ Նրա համաձայն, վնասվածքներ է ստացել ավելի քան 54 մարդ, և իշխանությունները սպասում են, որ տուժածների թիվն աճելու է։
Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյուններից երկուսը տեղի են ունեցել քաղաքի հարավային մասում՝ Օպերայի շենքի և «Զավերի բազար» ոսկերչական իրերի ճանաչված շուկայի մոտակայքում։ Երրորդ պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում գտնվող մարդաշատ Դադար թաղամասում։
Հարձակման համար որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։
Այս պայթյուններն ահաբեկչական առաջին հարձակումը չէ, որը տեղի է ունեցել Մումբայում։ 2008 թվականին պակիստանցի զինյալների կողմից իրականացված հարձակման պատճառով զոհվել է 166 մարդ։ Երկրում ակտիվ գործում են նաև զինյալների տեղական խմբավորումները, որոնք մեծ քաղաքներում նախկինում ևս հարձակումներ են իրականացրել։