Մատչելի հղումներ

Քլինթըն. «ԱՄՆ-ը և Հնդկաստանը համատեղ են պայքարում ահաբեկչության դեմ»


Քլինթըն. «ԱՄՆ-ը և Հնդկաստանը համատեղ են պայքարում ահաբեկչության դեմ»
Քլինթըն. «ԱՄՆ-ը և Հնդկաստանը համատեղ են պայքարում ահաբեկչության դեմ»

«Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը համատեղ են պայքարում ահաբեկչական ցանցերի դեմ, և երկու պետությունները զարգացնում են համատեղ աշխատանքը ներքին անվտանգության հարցերում»։

Այս հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում երկրի պաշտոնյաների հետ երկօրյա բանակցությունները մեկնարկելուց առաջ։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկու պետությունների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։

Քլինթընի համաձայն, ծայրահեղականների դեմ պայքարն է՛լ ավելի կարևոր է դարձել Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայի քաղաքում անցյալ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի պատճառով զոհվել է 19, վնասվածքներ ստացել՝ ավելիք քան 130 մարդ։

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև ֆինանսական ոլորտում առավել ամուր կապերի անհրաժեշտությունը։

Քլինթընի համաձայն, երկու կողմերը պետք է լուծեն 2008 թվականին կնքված քաղաքացիական միջուկային համագործակցության պայմանագրի հետ կապված խնդիրները, ինչը Հնդկաստանում գործնական նոր հնարավորություններ կստեղծի միջուկային էներգետիկայի ոլորտում գործող Միացյալ Նահանգների ընկերությունների համար։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել երկրի ազգային անվտանգության խորհրդական Շիվշանքար Մենոնի հետ։ Նույն օրը Քլինթընը հանդիպումներ կանցկացնի Հնդկաստանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, որոնց թվում են վարչապետ Մանմոհան Սինգհը և իշխող Կոնգրեսի կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդիի հետ։

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարն իր այցը կատարում է անցյալ տարի Վաշինգտոնում երկու պետությունների միջև մեկնարկած ռազմավարական երկխոսության շրջանակներում։

Հնդկաստանի պաշտոնատար անձանց հետ Քլինթընի կողմից անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև Աֆղանստանից Միացյալ Նահանգների զորամիավորումների դուրսբերման ծրագրերը, ինչպես նաև Պակիստանի հետ Հնդկաստանի լարված հարաբերությունները։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի օրն այցելելու է Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Չեննաի քաղաքը, որտեղ հանդես է գալու ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հարաբերություների կարևորության մասին ելույթով և հանդիպելու է Միացյալ Նահանգների ընկերությունների ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG