Կրոնական գործիչների հետ հանդիպումը կայացավ Սիրիայում քրիստոնյաների հասցեին սկիզբ առած սպառնալիքների ֆոնին, որոնց զուգահեռ անգամ հարձակումներ գրանցվեցին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների:
Որոշ դիտորդներ հույս ունեն, թե միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող սիրիացի զինյալները որոշել են երկրում կառուցել, այսպես ասենք, հանդուրժող հասարակություն, թեև շատերը թերահավատ են:
Մոտ երկու շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին Համա քաղաքի քրիստոնյաները բողոքի ցույցեր սկսեցին այն բանից հետո, երբ իսլամիստներն այրեցին հրապարակներից մեկում տեղադրված տոնածառը։
Հուզումները դրդեցին Սիրիայի նոր՝ իսլամիստական իշխանություններին քայլեր ձեռնարկել կրոնական, էթնիկ փոքրամասնություններին պաշտպանության ուղղությամբ:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ «ուզբեկ զինյալները հրկիզել են Համա նահանգի Ալ-Սաքիլիբիա քաղաքի տոնածառը, բնակավայրը բնակեցված է քրիստոնյաներով»:
Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հաղորդեց Ահմեդ ալ-Շարաայի հանդիպման մասին երկրի կաթոլիկ, ուղղափառ և անգլիկան հոգևոր առաջնորդների հետ՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
Ֆրանսիայում լույս տեսնող և կաթոլիկ ուղղվածություն ունեցող La Croix International պարբերականի փոխանցմամբ՝ Հոմսի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Մուրադը, ով ներկա էր հանդիպմանը, նշել է, թե ալ-Շարաան խուսափել է օգտագործել «փոքրամասնություն» եզրույթը:
«Նա ասաց, որ քրիստոնյաներն ու այլ խմբերը Սիրիայի ժողովրդի մասն են»,- նշել է արքեպիսկոպոսը:
Հույս և թերահավատություն
Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Ռաֆիֆ Ջուեջաթին լավատես է:
«Եթե հայացք նետենք Սիրիայում ընթացող բողոքի ցույցերին, կտեսնեք, որ մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց տեսակետները»,- նշել է նա:
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Ղազալի խոսքով՝ իրականում, «Հայաթ Թահրիր աշ-Շամը» չի տարբերվում իր նախորդից՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայից»:
«Նրանք դասեր են քաղել «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» սխալներից», - ասել է նա՝ ընդգծելով, թե «Հայաթ Թահրիր աշ-Շամը» պարզապես ցանկանում է խաբել Արևմուտքին:
Չնայած հանդուրժող լինելու ալ-Շարաայի կոչերին, ըստ Ղազալի, դեռ պարզ չէ, թե ինչպես են նրանք կառավարելու Սիրիան:
Ռաֆիֆ Ջուեջաթին հակադարձում է՝ 2016 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամը» հեռացավ իսլամիստական արմատական խմբավորումներից՝ որդեգրելով ավելի չափավոր մոտեցում:
Պատժամիջոցներ
Վերջերս Միացյալ Նահանգները չեղարկեց ալ-Շարաայի ձերբակալության համար հայտարարված 10 միլիոն դոլար պարգևը, ինչը Մերձավոր Արևելքի գծով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Բարբարա Լիֆի խոսքով՝ քաղաքական քայլ է, որի նպատակն է հարաբերություններ սկսել Սիրիան փաստացի կառավարող «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հետ։
Իր հերթին՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը դեկտեմբերի վերջին հույս հայտնեց, թե ալ-Շարաայի գլխավորած կազմակերպության դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները առաջիկայում կվերացվեն՝ նման կերպ նպաստելով երկրի տնտեսական վերականգնմանը:
Սակայն որոշ դիտորդներ պնդում են, թե Սիրիայի տնտեսական վերականգնումը իրապես հնարավոր կլինի, եթե նոր իշխանությունները ընդունեն ներառական սահմանադրություն, ուր հաշվի կառնվեն երկրի ողջ ազգաբնակչության՝ տարբեր խմբերի շահերն ու արժեքները։
«Գլխավոր մարտահրավերը կառավարություն ստեղծելն է, որը կհամապատասխանի ՄԱԿ-ի 2254 բանաձևին», - ասել է Ղազալը՝ նշելով, որ նոր կառավարությունը պետք է ներգրավի սիրիացի ժողովրդի տարբեր հատվածներին և գործի թափանցիկ:
Ջուեջաթին չի բացառում, որ Սիրիան կկարողանա դառնալ «մերձավորարևելյան ոճի ժողովրդավարություն»՝ հիմքում ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, ազատ ընտրություններն ու կրոնի և պետության տարանջատումը։
ԱՄՆ Պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին 2023 թվականի միջազգային զեկույցի համաձայն՝ Սիրիայի բնակչության մոտ 2.5%-ը քրիստոնյաներ են։
Ղազալն, սակայն, հոռետես է, և ակնկալում է երկրից հատկապես քրիստոնյա փոքրամասնության ներկայացուցիչների արտագաղթի նոր ալիք։
Անհանդուրժողականության նշաններ
Չնայած հանդուրժողականոսւթյուն ցուցաբերելու «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ղեկավարության կոչերին, Ռիչարդ Ղազալը ուշադրություն է հրավիրում ալկոհոլի արգելքին, հասարակական տրանսպորտում կանանց ու տղամարդկանց բաժանմանը վերաբերող նոր իշխանությունների որոշումներին և «Իսլամական պետության» դրոշների առկայությանը Սիրիայի որոշ շրջաններում։
«Սա տագնապ է առաջացնում, հատկապես քրիստոնեական թաղամասերում։ Ճի՛շտ է, դեռ չկա լայնամասշտաբ բռնություն, բայց կա վտանգ, որ այն կարող է մի օր սկիզբ առնել»,- ասել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրենը։
Վաշինգտոնում գործող Կրոնական ազատությունների միջազգային քարտուղարության ներկայացուցիչ Նադին Մաենզան անդրադառնալով դեկտեմբերի վերջին Հալեպի մերձակայքում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ հարձակումներին՝ նշել է, թե դրանց հետևում հիմնականում կանգնած էին Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստ զինյալները։
Այդուհանդերձ, Սիրիայի հարցերով Հռոմի պապի բանագնաց, արքեպիսկոպոս Մարիո Զենարին հայտարարել է, թե սիրիական քրիստոնյա առաջնորդների հետ ալ-Շարաայի հանդիպման փաստն ինքնին հույս է տալիս, որ ապագան մռայլ չի լինի։
«Նման իրադարձությունն աներևակայելի կլիներ ընդամենը երեք շաբաթ առաջ, և եպիսկոպոսներն ու քահանաները [ալ-Շարաայի հետ հանդիպումից]... հեռացան Սիրիայի ապագայի նկատմամբ հույսով»,- Vatican News-ին ասել է Զենարին, ով անցյալ ամիս հանդիպել էր Սիրիայի նոր արտգործնախարարին: