Դամասկոսում իսլամիստների առաջնորդած ընդդիմադիր ուժերի իշխանության հաստատումից ընդամենը մեկ շաբաթ անց Սիրիայի մայրաքաղաքում՝ վերաբացված թուրքական դեսպանատանը, կրկին վեր խոյացավ Թուրքիայի պետական դրոշը։
Գաղտնիք չէ, որ այսօրվա Սիրիայում տարբեր կրոնական և էթնիկական խմբեր յուրովի են ընկալում Թուրքիայի դերն ու նշանակությունը՝ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ասում է Free Syria նախաձեռնության հիմնադիր, Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի սիրիական ծրագրի վերլուծաբան Ռաֆիֆ Ժոուժաթին:
Նրա ներկայացմամբ՝ այսօր Դամասկոսից Թուրքիայի վերաբերյալ հնչող գնահատականներն ինչպես դրական են, այնպես էլ մտահոգիչ:
«Շատերն անհավանական երախտապարտ են Թուրքիային։ Այն ընդունեց միլիոնավոր [սիրիացի] փախստականների, աջակցեց սիրիական ընդդիմությանը։ Իհարկե, շնորհակալ ենք դրա համար: Բայց նաև Թուրքիան ավելի ուշ որոշ խնդիրներ ունեցավ սիրիացի փախստականների հետ։ Վատ վերաբերմունքի դեպքեր եղան։ Հարցեր են բարձրացվում Թուրքիայի ռազմական ներգրավվածության վերաբերյալ։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, կան տարբեր կարծիքներ»,- ասում է Ժոոուժաթին:
Սիրիայի հարցում մեր զրուցակիցն առանձնացնում է երկու առաջնահերթություն Անկարայի համար՝ սիրիացի փախստականներն ու քրդերը:
«Թուրքիան, ակնհայտորեն, մեծ դեր է ունեցել միլիոնավոր սիրիացի փախստականներին ընդունելու գործում: Այժմ, նրանք սկսում են վերադառնալ, ․․․ եթե ունենան կացարան այնտեղ: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջնահերթություններն այժմ փախստականներին տուն վերադարձնելն է կանոնավոր կերպով: Նաև կարծում եմ, որ նրանք ցանկանում են համոզվել, որ մեր [ծագումով] քուրդ սիրիացիները բացառապես Սիրիայի մաս են կազմում»,- ասում է նա:
Ժոոուժաթին լավատես է թուրք-սիրիական հարաբերությունների ապագայի հարցում՝ վստահ լինելով, որ այսօր Անկարան և Դամասկոսն ունեն լավ հնարավորություն՝ երկկողմ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Վերլուծաբանը մատնանշում է Թուրքիայի դերը Սիրիայի նոր իշխանություններին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ընդգծելով, թե ներկայիս Սիրիային անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը:
«Մեզ պետք է էլեկտրաէներգիա և մաքուր ջուր: Պետք է վերանորոգենք մեր ճանապարհները, համոզվենք, որ տրանսպորտը հասանելի է, որ մարդիկ սնունդ ունեն, քանի որ մեզ մոտ աղքատության շեմից ներքև է բնակչության 80%-ը: Շատ առաջնահերթություններ կան, որոնց պետք է անդրադառնալ մոտ ժամանակներս»,- ասում է նա:
Իր հերթին, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլյանի կարծիքով՝ Թուրքիան որպես գործիք է օգտագործում փախստականներին Արևմուտքի հետ հարաբերություններում:
«Էրդողանն օգտագործում է փախստականներին Արևմուտքին լռեցնելու համար՝ նրանց ասելով, թե մի խառնվեք իմ ներքին հարաբերություններին, իսկ ես փախստականներին կպահեմ Թուրքիայում՝ ստեղծելով բուֆերային գոտի Արևմուտքի համար։ Տեսեք, թե որտեղ է մեզ հասցրել այս քաղաքականությունը: Թուրքիայում ժողովրդավարությունը վերջին տաս տարում հետընթաց է ապրել»,- նշում է Փայլյանը:
Թուրքիան գրեթե 15 տարի փորձում էր տապալել ալ-Ասադի իշխանությունը, և այնտեղ քաոս էր ստեղծում սիրիական ընդդիմության միջոցով, ասում է Փայլյանը: Նրա կարծիքով՝ Էրդողանի հիմնական նպատակն է Սիրիան դարձնել Թուրքիային կցորդ-երկիր։
«Այժմ Էրդողանն իրեն նվաճող է զգում։ Ցանկանում է Սիրիան դարձնել Թուրքիայի կցորդ, որի մասին բազմիցս խոսել է։ Եվ արևմտյան տերությունները համաձայն են դրա հետ»,- նշում է Գարո Փայլյանը:
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, թե այստեղ ևս անհանգիստ է, քանի որ Բաքուն շարունակում է առաջ տանել իր ռազմատենչ օրակարգը:
«Ալիևը դեռ իրեն հաղթող է զգում: Նա դեռ ունի պատերազմ [վարելու] օրակարգ, և չի ձգտում ստորագրել խաղաղության պայմանագիր [Հայաստանի հետ]»,- ասում է Փայլյանը:
Նրա պնդմամբ՝ արևմտյան տերությունները պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենան գործընթացներում՝ տարածաշրջանում ազգայինի փոքրամասնությունների կամ փոքր պետությունների նկատմամբ հետագա բռնությունները կանխելու համար:
Փայլյանի գնահատմամբ՝ հայերը, ընդհանրապես՝ քրիստոնյաները, քրդերը և պաղեստինցիները շարունակում են մնալ խոցելի վիճակում և կարող են նոր բռնաճնշումների զոհ դառնալ:
«Կարծում եմ, որ Արևմուտքը ոչ միայն պետք է աշխատանք տանի այս կառավարությունների հետ, այլև, իսկապես, որոշակի ճնշում գործադրի ավտոկրատների նկատմամբ՝ ժողովրդի իրավունքները հարգելու համար»,- ասում է նա:
Փայլյանը կոչ արեց ԱՄՆ-ին և ԵՄ-ը ուշադրություն դարձնել Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը, որն, ըստ վերլուծաբանի, նախորդ տարիներին հետընթաց է ապրել:
Ըստ վերլուծաբանի՝ արևմտյան տերությունները կարող են պահանջել Էրդողանից բարելավել ժողովրդավարության հետ կապված իրավիճակը՝ Թուրքիայի որոշ պահանջներ բավարարելու դիմաց:
Թուրքիայի ժողովրդավարացումը շահավետ է ոչ միայն Թուրքիայի ու Հայատանի համար, քանի որ լինելով մեծ երկիր` այն կարող է ծառայել որպես օրինակ տարածաշրջանի բոլոր պետություններին, ընդգծում է Գարո Փայլյանը: