Մատչելի հղումներ

Ինչպե՞ս է Թրամփը պատրաստվում իրականացնել պետական ապարատի կրճատման իր խոստումը


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը

Թրամփը հայտարարել է ամերիկյան պետական ծախսերն էապես կրճատելու մտադրության մասին։ Հայտնի է նաև, որ այդ նպատակով նրա վարչակազմում գործելու է հատուկ խորհրդատվական մի մարմին՝ Կառավարության արդյունավետության նախարարությունը (DOGE)։ Սակայն այն, ինչ առաջարկում է Թրամփը նորություն չէ ԱՄՆ պատմության մեջ

Ինչպես հայտնի է, միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, թե ցանկանում է ԱՄՆ պետական ծախսերը կրճատել մոտ 2 տրիլիոն դոլարով։ Մասկը, գիտենք, Կառավարության արդյունավետության նախարարության երկու ղեկավարներից մեկն է լինելու:

Բայց Ամերիկայում ատաջին անգամը չէ, որ փորձում են կրճատել պետական ծախսերը:

«[ԱՄՆ հիմնադրումից ի վեր երկրի] նախագահներն այս կամ այն ձևով շարունակ խոսել են կառավարության դերի կրճատման մասին»,- ասում է Coast Carolina համալսարանի քաղաքագետ Ջասթին Վոնը:

Սկիզբը դրել է դեռ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը՝ 1800-ականների սկզբին: Նա վերացրեց որոշ պետական պաշտոններ՝ ժամանակավորապես նվազեցնելով ծախսերը:

Ի՞նչ ընթացք է ունեցել ԱՄՆ պետապարատի կրճատման քաղաքականությունը նախկինում
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

1930-ականներին Ֆրենկլին Դելանո Ռուզվելտն ընդլայնեց դաշնային կառավարության ապարատը՝ նման կերպ ձգտելով հաղթահարել տնտեսական անկման՝ Մեծ դեպրեսիայի բացասական հետևանքները: Ռուզվելտի «Նոր կուրս» (New deal) ծրագիրն անդրադարձավ միլիոնավոր մարդկանց՝ խթանելով տնտեսական աճը: Սակայն տնտեսական ճգնաժամի ավարտից հետո այդ աշխատատեղերն աստիճանաբար կրճատվեցին։

1980-ականներին Ռոնալդ Ռեյգանը ստեղծեց, այսպես կոչված, Գրեյսի հանձնաժողովը՝ առաջարկելով մոտ 150 ազդեցիկ գործարարներից բաղկացած խմբին ներկայացնել պետական ապարատի աշխատանքի անարդյունավետությունը վերացնելու ուղիներ:

«Նախագահ Ռեյգանը առաջարկեց Գրեյսի հանձնաժողովին կառավարությանը վերաբերվել որպես բիզնեսի` [մասնավոր ընկերության]»,- ասում է Citizens Against State Waste կազմակերպության նախագահ Թոմ Շատցը:

Բայց Ռեյգանի նախագահական գրադարանի կայքում նշված է, թե «առաջարկությունների մեծ մասը, նաև նրանք, որոնց իրականացման համար անհրաժեշտ էին Կոնգրեսի հավանությունը ստացած օրենսդրական փոփոխություններ, երբեք կյանքի չկոչվեց»:

Այնուամենայնիվ, որոշ պատմաբաններ ասում են, թե Ռեյգանին հաջողվեց փոխել ամերիկյան խոսույթը, թե դաշնային կառավարությունն ավելի փոքր դերակատարում պետք է ունենա երկրի խնդիրները լուծելու գործում:

«Այն նախորդ դարում տեղի ունեցած և հանրության ներսում՝ կառավարության դերի ընկալման հիմնարար փոփոխություն էր»,- ասում է Ջասթին Վոնը:

1990-ականներին Բիլ Քլինթոնը նպատակադրվել էր կրճատել մոտ 300 հազար դաշնային աշխատատեղեր՝ փորձելով պատվիրակել այդ ծառայությունները մասնավորին:

«Ժամանակակից դարաշրջանում այն՝ [Բիլ Քլինթոնի վարչակազմը] կառավարության դերի նվազեցման ուղղությամբ նշանակալից քայլեր ձեռնարկած վարչակազմերից մեկն էր»,- նշում է Վոնը:

Իր առաջին նախագահության օրոք Դոնալդ Թրամփը ևս ձեռնամուխ էր եղել դաշնային աշխատատեղերի կրճատմանը, և այժմ նա, կարծես, ցանկանում է, որ նորաստեղծ՝ Կառավարության արդյունավետության նախարարությունը ավարտի այդ գործը:

Բայց շատերը մեծ կասկածանքով են մոտենում՝ արդյո՞ք գործարար աշխարհի ներկայացուցիչները կկարողանան ղեկավարել պետական մարմինը:

«Երբ դու կառավարության ներկայացուցիչ ես, պատասխանատու ես ժողովրդի առաջ և ձեր նպատակը փող աշխատելը չէ: Ձեր նպատակը ծառայություններ մատուցելն ու երկիրը պաշտպանելն է։ [Բացի այդ,] մասնավոր հատվածում շատ խարդախություններ և վատնումներ կան։ Ուստի, վստահ չեմ, որ գործարարները լավագույն թեկնածուներն են [պետական ապարատում նման վատնումներ] բացահայտելու համար»,- ասում է Ամերիկյան պատմական ասոցիացիայի ներկայացուցիչ, պատմաբան Ջեյմս Գրոսմանը:

Դիտորդների խոսքով՝ այսօր Թրամփն ու Մասկը փորձում են օգտագործել հատկապես սոցհարթակները՝ իրենց տեսակետն առաջ տանելու և գործընթացն արագացնելու համար, ինչը չկար, օրինակ նախորդ կառավարությունների ժամանակ:

«Սոցիալական մեդիան կարող է ավելի արագ արձագանք ապահովել: Օրինակ, Կոնգրեսի անդամները հակված են ավելի շուտ արձագանքել սոցցանցերին, քան հնաոճ նամակներին, որոնք նրանք ստանում են»,- ասում է Թոմ Շատցը:

Սա կարևոր հանգամանք է, որովհետև բազմաթիվ դեպքերում Կոնգրեսը պետք է իր համաձայնությունը տա նախքան որևէ կրճատում իրականացնելը:

XS
SM
MD
LG